Պորտուգալիան հաղթեց Եվրատեսիլ 2017-ում, իսկ Հայաստանը զբաղեցրեց 18-րդ հորիզոնականը

By

Ավարտվեց նաև 62-րդ Եվրատեսիլ երգի մրցույթը: Չնայած որոշ սկանդալային դրվագների՝ այն դարձավ պատմության ամենահիշարժան Եվրատեսիլներից մեկը: Պորտուգալիան 1964 թվականից սկսած իր 49 մասնակցություններից հետո գրանցեց իր առաջին հաղթանակը: Հաղթողի հարցում միակարծիք էին թե՛ ժյուրին, թե՛ հեռուստադիտողը: Ստանալով 382 միավոր պրոֆեսիոնալ ժյուրիից և 376 միավոր հեռուստաքվեարկողներից՝ Սալվադոր Սոբրալը եզրափակչում ընդհանուր հաշվարկով ունեցավ 758 միավոր: “Amar pelos dois” երգը ոչ միայն հաղթանակ տարած առաջին պորտուգալերեն երգն է, այլ սկսած 2008 թվականից այն առաջին ոչ անգլերեն կատարումն էր, որը հաղթեց մրցույթում: Բացահայտ հաղթող ճանաչվելուց հետո երգիչը բեմ կանչեց իր քրոջը՝ Լուիզա Սոբրալին, ով նաև երգի հեղինակն էր և եղբոր փոխարեն ելույթ էր ունեցել առաջին երկու փորձերին, և միասին ևս մեկ անագամ կատարեցին Եվրոպայի սիրտը գրաված հեքիաթային կատարումը, որը կարող եք վայելել ստորև:

 

Մրցույթում Հայաստանը ներկայացնող Արծվիկը “Fly With Mе” երգով գրավեց 18-րդ հորիզոնականը: Հայաստանը հավաքեց ընդհանուր 79 միավոր, որից 58-ը պրոֆեսիոնալ ժյուրիից, իսկ 21-ը՝ եվրոպացի հեռուստադիտողներից: Սա Հայաստանի՝ Եվրատեսիլի եզրափակչում հեռուստաքվերակությամբ ստացած ամենացածր միավորներն էին:

 

Հավելենք նաև, որ eurovision.tv-ի հրապարակած արդյունքների համաձայն՝ Արծվիկը առաջին կիսաեզրփակրում զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը՝ հավաքելով 152 միավոր (87-ը ժյուրիից, 65՝ հեռուստադիտողից):

Եզրափակչի ընդհանուր արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Հեղինակ՝ Հայկ Խաչատրյան
Խմբագիր՝ Խաչատուր Թովմասյան
Լուսանկարները՝ www.eurovision.tv
  • Share this post:
  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
Eurovision, Featured, News, Video|14.05.2017 5:00 am