Մեկնարկում է «Դեպի Եվրատեսիլ 2018»-ը` Փոփոխված Ձևաչափով

By


Եվրատեսիլ 2018-ի Հայաստանյան պատվիրակին գտնելու համար Հանրային հեռուստաընկերությունը մեկնարկում է «Դեպի Եվրատեսիլ» նախագծի երկրորդ եթերաշրջանը՝ փոփոխված ձևաչափով։ Այս տարի նախագծին հնարավոր է մասնակցել միայն սեփական մրցութային երգերով։

 

Եվրատեսիլյան ստանդարտներ

Այսպիսով Հայաստանն այս տարի նախընտրական փուլի միջոցով կընտրի ոչ միայն իր պատվիրակին, այլև ներկայացվող երգը։ Այս ձևաչափը լայնորեն կիրառվող պրակտիկա է եվրոպական երկրների կողմից։ Նախընտրական փուլի համար գործում են Եվրատեսիլին բնորոշ կանոնները, որոնց համաձայն` հայատագրվող մասնակիցը պետք է մինչև մայիսի 8-ը լինի 16 տարեկան, ունենա Հայաստանի քաղաքացիություն կամ հայկական արմատներ, իսկ ներկայացվող երգը առավելագույնը կարող է լինել 3 րոպե և չպետք է հրապարակված լինի մինչև 2017 թվականի սեպտեմբերի 30-ը։ Մրցույթին կարող են մասնակցել նաև այն խմբերը, որոնց անդամների թիվը չի գերազանցում 6-ը։ Կանոններին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։ Հայտներն ընդունվում են մինչև դեկտեմբերի 15-ը։

Արդարացված փոփոխություն, թե՞ ոչ

Նախորդ եթերաշրջանին մասնակցեցին և հանրային ճանաչում ձեռք բերեցին տասնյակ մասնակիցներ, որոնցից շատերը սեփական երգացանկ նույնիսկ չունեին։ Երգի պարտադիր առկայությունը, իհարկե, որոշակիորեն սահմանափակում է տաղանդավոր երգիչների հնարավորությունը` հայտնվելու այս հեղինակավոր մրցույթում։ (Նախորդ տարվա հաղթող Արծվիկի համար էլ “Fly with Me”–ն առաջին սինգլներից էր։)

Մյուս կողմից Եվրատեսիլը ի վերջո երգի մրցույթ է և տրամաբանական է մասնակցին և երգը ընտրել միաժամանակ։ Բացի այդ, ամեն տարի ընտրված մասնակիցների համար ներկայացվում են մեծ քանակությամբ երգեր, որոնցից շատերը չեն էլ հրապարակվում։ Կանոնների փոփոխությունը հնարավորություն կտա հայտագրված երգերի համար մեծ տարածում ապահովել։

Նախկինում նմանատիպ ձևաչափով նախընտրական փուլ Հայաստանում անցկացվել է 3 անգամ` 2007, 2009 և 2010 թվականներին։ 2007-ին նախընտրական փուլը բաղկացած էր երկու կիսաեզրափակիչներից և մեկ եզրափակչից։ Եզրափակչում ձայների մեծ տարբերությամբ հեռուստադիտողի և ժյուրիի կողմից ընտրվեց Հայկոն` իր “Anytime You Need” երգով։ Եվրատեսիլում այն զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը։

2009թ-ին անցկացվեց մեկ մեծ եզրափակիչ, որի ընթացքում ներկայացան ավելի քան 20 մասնակից։ Ժյուրին և հեռուստադիտողը միաձայն նախապատվությունը տվեցին Ինգա և Անուշ Արշակյաններին։ Երգչուհիները «Ջան-ջան» երգով եվրատեսիլյան եզրափակչում զբաղեցրին 10-րդ հորիզոնականը։

2010թ-ին նույնպես անցկացվեց մեկ մեծ եզրափակիչ, որը հայստանյան նախընտրական փուլերից, թերևս ամենասկանդալայինն էր։ Պայքարը հիմնականում ընթանում էր Եվա Ռիվասի, Էմմի և Միհրան դուետի և Ռազմիկ Ամյանի միջև։ Քվեարկության արդյունքում հաղթող ճանաչվեց Եվա Ռիվասը, ինչի շուրջ էլ կրքերը բորբոքվեցին և նույնիսկ որոշ մասնակիցների կողմից քվերակության անաչառությունը կասկածի տակ դրվեց։ Ի վերջո Եվա Ռիվասը “Aprciot Stone” երգով համաեվրոպական մրցույթում զբաղեցրեց 7-րդ հորիզոնանակը։

Հուսանք, որ այս ձևաչափի վերադարձով Հայստանը վերջապես կգտնի դեպի Եվրատեսիլյան հաղթանակը տանող ուղին:

Հեղինակ՝ Հայկ Խաչատրյան
Խմբագիր՝ Բագրատ Թովմասյան

  • Share this post:
  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
Eurovision, National, News, OGAE, Special, Video|27.10.2017 10:24 pm