Հրապարակվել են “Դեպի Եվրատեսիլի” 10 մասնակից երգերը

By

Դեռ տարեվերջին պարզ դարձան այն 20 մասնակիցների անունները, ովքեր մրցելու են «Դեպի Եվրատեսիլի» շրջանակներում։ Հաղթողին բնականաբար սպասվում է լիսաբոնյան ուղեգիր, որտեղ էլ նա կներկայացնի Հայաստանը 63-րդ Եվրատեսիլ երգի մրցույթում։ «Դեպի Եվրատեսիլի» յութուբյան պաշտոնական էջում երկու օր շարունակ հրապարակվում են մասնակիցների երգերը, որոնցից 10-ին կանդրադառնանք այս հոդվածում։

Թամար Կապրելյան – Poison (Ari, Ari) (Թույն)

Geneology սուպերխմբի անդամ ամերիկաբնակ Թամար Կապրելյանը դեռ ամիսներ առաջ հայտարարել էր իր ցանկության մասին` մասնակցելու «Դեպի Եվրատեսիլ» նախընտրական փուլին։ OGAE Հայաստանի հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ 2015 թվականից հետո բավական աշխատանք է կատարել Հայաստանում, ինչից ոգևորվելով էլ` որոշել է մասնակցել մրցույթին և փորձել ևս մեկ անգամ ներկայացնել Հայաստանը։ Ներկայանալու նպատակը եղել է բազմաթիվ հայ արտիստներին համատեղելը և այնպիսի երգ ստեղծելը, որը հայրենակիցներին կստիպի հպարտանալ իրենցով։ Երգի հեղինակներն են հայտնի երգիչ, երգահան Սեբուն, Եվրատեսիլի պատմության մեջ Հայաստանին լավագույն տեղերից մեկը ապահոված «Քելե–Քելե»-ի համահեղինակ Դեր–Հովան և Թամարի ստեղծած «Նվակ» երաժշտական նախագծի սաները` Օվսաննան, Սանահինը և Յանան։ Երգը երկլեզու է` անգլերեն և հայերեն։ Այն ռիթմիկ է, ժամանակակից, պարունակում է նաև հայկական տարրեր։ Ըստ հեղինակների` լսողին անպայման կստիպի պարել։ Հատկանշական է, որ եվրատեսիլյան տարբեր ֆորումներում երկրպագուների մեծամասնության կարծիքով հենց այս կատարումն է ամենաարժանին` ներկայացնելու Հայաստանը Եվրատեսիլ երգի մրցույթում։

 
 

Ամալյա Մարգարյան – Waiting For The Sun (Արևին սպասելով)

Երիտասարդ երգչուհին, տարիներ առաջ մասնակցելով ուկրաինական X Factor երաժշտական նախագծին, ցնցել էր բոլորին «Rise Like A Phoenix»-ի իր գեղեցիկ կատարմամբ։ Իսկ նախորդ տարի Ամալյան մասնակցում էր «Դեպի Եվրատեսիլի» առաջին եթերաշրջանին, որտեղ սակայն երկրորդ փուլից դուրս մնաց։ Ձևաչափային փոփոխությունից հետո երգչուհին մրցույթին ներկայանում է իր իսկ հեղինակած երգով, որի համահեղինակներից է նաև Վահրամ Յանիկյանը։ Երգը մեղեդային բալլադ է, որը կոչ է անում չկորցնել հավատը, չհուսահատվել և սպասել արևին։

 
 

Նեմրա – I’m A Liar (Ես սուտասան եմ)

Վերջին շրջանում հայաստանյան ամենաակտիվ ռոք խմբերից մեկը` «Նեմրան», նույնպես մասնակցում է մրցույթին` ոգևորվելով իրենց երկրպագուների կոչերից։ Խումբը վերջին ժամանակներում բազմաթիվ համերգներ է ունեցել Հայաստանում և ցանկություն ունի Եվրատեսիլի միջոցով դուրս գալ միջազգային հարթակ։ Երգը ալտերնատիվ ռոք ժանրում է, անսպասելի ավարտով։ Հեղինակը խմբի մեներգիչ Վանն է։ Երգում սուտասանը հենց հերոսն է, ով, կորցնելով սիրած աղջկան, ներկայացնում է իր հոգեվիճակը։

 
 

Հայկ Կասպարով – Enamórame (Սիրահարվիր ինձ)

Հայկ Կասպարովը նույնպես այն մասնակիցների ցանկում է, ով որոշել է ներկայացնել Հայաստանը միջազգային երգի մրցույթին։ Երգիչը նախընտրել է ներկայանալ իսպաներեն ռիթմիկ երգով, որի հեղինակներն են Ռաֆայել Արտեզերո Հերերոն և Խոսե Խուան Սանտանա Ռոդրիգեսը։ Նրանք վերջին տարիներին բազմաթիվ երգեր են գրել Եվրատեսիլի համար, որոնք սակայն մեծ հաջողություններ չեն ունեցել մրցույթում։ Հերոսը երգում համոզում է սիրահարվել և սիրել իրեն։

 
 

Սուրեն Պողոսյան – The Voice (Ձայնը)

Միջազգային թիմով է ներկայանում նաև երիտասարդ երգիչ, դերասան Սուրեն Պողոսյանը։ Նրա երգի հեղինակներն են Ջոնաս Դանիել Գլադնիկոֆը, Գեորգիոս Կալպակիդիսը և Նատաշա Թըրնըրը։ Վերջիններս նույնպես մի շարք երգեր են հեղինակել հենց Եվրատեսիլի համար։ Երգը եվրոփոփ ժանրում է, որի հերոսը կոչ է անում վստահել իրեն և իր հետ գնալ ձայնին ընդառաջ։

 
 

Անգել – Heartbreak (Սրտխփոց)

Երիտասարդ երգչուհի Անգելը մրցույթին մասնակցում է իր հեղինակած երգով, որի համահեղինակն է կրկին Վահրամ Յանիկյանը։ Երգչուհին մասնակցել է հայաստանյան X Factor-ի 4-րդ եթերաշրջանին, սակայն մրցույթում մեծ հաջողությունների չի հասել։ Այժմ իր յութուբյան էջում Անգելը ներկայանում է հայտնի երգերի cover տարբերակներով։ Մրցութային երգը մի աղջկա մասին է, ով պարզապես ուզում է լսել իր սիրած տղայի սրտխփոցը։

 
 

Kamil Show – Puerto Rico

Արսեն Գրիգորյանի կերտած հերոսներից բլոգգեր Կամիլը նախորդ տարի երաժշտական ասպարեզում կատարեց իր առաջին քայլերը` ներկայանալով Լիլիթ Հովհաննիսյանի հետ։ Այժմ այս կերպարով երգիչը մասնակցում է «Դեպի Եվրատեսիլին» և հաղթելու բավականաչափ մեծ հույսեր ունի։ Երգի հեղինակներն են Վահրամ Պետրոսյանը և Արթուր Աբգարը։ Երգը ռիթմիկ է, պարային և բավական զվարճալի։ Այն իսպաներենով է և ներկայացնում է ճանապարհորդություն դեպի Պուեռտո–Ռիկո, որտեղ կա ավազ, արև և շատ մոխիտո։ Հատկանշական է, որ Կամիլը միայնակ չի ներկայանում, այլ մի երգչուհու հետ, որի անունը սակայն պաշտոնապես չի հրապարակվում։

 
 

AlternatiV – Stare At Me

Երիտասարդ բոյ բենդը մրցույթին մասնակցում է խմբի անդամներից Սարգիսի հեղինակած երգով։ Խումբը մասնակցել է հայաստանյան X Factor-ի 4-րդ եթերաշրջանին և մտել լավագույն տասնյակ։ Երգը փոփ–ռոք ժանրում է, որի հերոսը փորձում է պարզել, թե ինչու է աղջիկը իրեն այդքան երկար նայում։

 
 

Տյոմ – Follow The Ocean

Եվս մեկ ներկայացուցիչ X Factor 4-ից։ Տյոմը մրցույթում բավական մեծ հաջողություններ ունեցավ և զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը։ Երգիչը  ներկայանում է Գևորգ Գևորգյանի և Իննա Խաչատրյանի հեղինակած երգով, որով փոխանցում է կարևոր մի հաղորդագրություն` հետևել սեփական զգացումներին և սրտի ձայնին։

 
 

Սևակ Խանաղյան – Քամի

Կայծակնային արագությամբ հայտնիություն ձեռք բերած Սևակ Խանաղյանը նույնպես «Դեպի Եվրատեսիլի» մասնակիցների ցանկում է։ Երգիչը, մասնակցելով ուկրաինական X Factor-ի 7-րդ եթերաշրջանին, ոչ միայն հաղթանակ տոնեց, այլ նաև գրավեց շատերի սրտերը։ Մրցույթին Սևակը ներկայանում է իր գրած երգով, որի համահեղինակներն են Աննա Դանիելյանը և Վիկտորյա Մալոյանը։ Այն բավականաչափ մեղեդային է։ Հատկանշական է, որ մինչ այժմ հրապարակված երգերից միակն է, որն ամբողջությամբ հայերեն է։

 
 
Հաջորդ երկու օրերին կհրապարակվեն նաև մնացած երգերը, իսկ թե որոնք են ձեր նախընտրածները կարող եք կիսվել մեկնաբանություններում։

Հեղինակ։ Հայկ Խաչատրյան

  • Share this post:
  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
Eurovision, National, News|17.01.2018 12:29 am