Հենց դու կարող ես ներկայացնել Սան Մարինոն Եվրատեսիլ 2018-ում

By

Եվրատեսիլ երգի մրցույթի ամենափոքր պետությունը` Սան Մարինոն, օրեր առաջ ոչ միայն պաշտոնապես հաստատեց իր մասնակցությունը 2018-ի մրցույթին, այլև հայտարարեց համաշխարհային ընտրություն` գտնելու իր հաջորդ ներկայացուցչին։ Ի ուրախություն մրցույթի երկրպագուների` նախընտրական փուլերին կարող են մասնակցել բոլորը` անկախ ազգությունից  և երգելաոճից։

Երազանքների ձևաչափ

16 տարեկանից բարձր ցանկացած ոք, ով մշտապես երազել է հայտնվել եվրատեսիլյան բեմում, կարող է իրագործել իր երազանքը` եվրոպական փոքրիկ պետության շնորհիվ։ Հայտարարված նախընտրական փուլին, ինչպես արդեն նշեցինք, կարող են մասնակցել բոլորը` անկախ ազգությունից և բնակության վայրից։ Դիմել կարող են նաև մինչև 6 հոգանոց խմբերը։ Ընտրությանը մասնակցելն ավելի քան հեշտ է. բավական է տեսաձայնագրել որևէ կատարում և բեռնել այն նախընտրական մրցույթի` 1 in 360–ի պաշտոնական կայքում, որից հետո անհրաժեշտ է կա՛մ հավաքել 100 հավանում, կա՛մ վճարել 4.99 եվրո։ Հատկանշական է, որ փուլերն անցկացվելու են ինտերնետային տիրույթում` էլ ավելի հեշտացնելով մասնակիցների ներգրավվածությունը։ Հայտերն ընդունվում են մինչև նոյեմբերի 30-ը։ Ձեր տեսաձայնագրությունը կարող եք բեռնել այստեղ։

 

Այնուհետև տարեվերջին ընտրվելու են 10 մասնակիցներ, որոնք ելույթ են ունենալու ուղիղ հեռարձակումների ժամանակ։ Նրանց գնահատելու է պրոֆեսիոնալ ժյուրին։ Առավելագույն ձայներ ստացած երեք մասնակիցների համար ընտրվելու են համապատասխան երգեր, որոնցով էլ նախընտրական փուլի եզրակափակչում մրցելու են դեպի Լիսաբոն տանող ուղեգրի համար։ Մրցույթի կանոնները ավելի մանրամասն կհրապարակվեն առաջիկա շաբաթների ընթացքում։


Սան Մարինոն չի սրտնեղել

Եվրատեսիլյան ամենափոքրիկ պետությունը ոչ միայն մեծ ասպարեզ է բացելու հայտագրված մասնակիցներից մեկի համար, այլ նաև շաբաթներ շարունակ փորձելու է ողջ Եվրոպայի ուշադրությունը սևեռել հենց երկրի վրա։ Սա առաջին անգամն է, երբ Սան Մարինոն որոշել է նախընտրական փուլ անցկացնել` այն էլ այսպիսի յուրահատուկ ձևաչափով։ Հատկանշական է, որ ամիսներ առաջ` Եվրատեսիլ 2017-ի ավարտից անմիջապես հետո, սանմարինոյական ազգային հեռարձակող ընկերության գլխավոր տնօրենը նշել էր, որ երկիրը չափազանց փոքր է այս իրադարձության (Եվրատեսիլ երգի մրցույթի) համար, և որ հետագա մասնակցությունը քիչ հավանական է։ Նա նաև փաստել էր, որ փոքրիկ պետությունների համար Եվրատեսիլում տեղ չկա։ Մինչդեռ ամիսներ անց Սան Մարինոն զգացնել տվեց, որ ոչ միայն չի նեղացել Եվրոպայից իր զբաղեցրած ցածր հորիզոնականների պատճառով, այլ բավական եռանդ է ձեռք բերել` նոր շնչով ներկայանալու համար։


Սանմարինոյական «լեգենդը»

Մրցույթում Սան Մարինոն իր անդրանիկ ելույթը ունեցել է 2008 թվականին։ Այդ թվից սկսած մասնակցել է 8 անգամ, ընդ որում երկիրը 4 տարի (2012-2014, 2017) ներկայացրել է միևնույն երգչուհին` Վալենտինա Մոնետտան, ով ռեկորդային թվով մասնակցության համար մտել է Եվրատեսիլի պատմության մեջ։ Մի բան հստակ է. 2018 թվականին նա չի գրանցի իր 5-րդ մասնակցությունը։ Նախորդ տարի երգչուհին ներկայացել էր ամերիկացի երգիչ Ջիմի Ուիլսոնի հետ, և կիսաեզրափակչում զբաղեցրել էին վերջին հորիզոնականը։ Սան Մարինոն եզրափակչում հայտնվել է ընդամենը մեկ անգամ` 2014 թվականին, երկրի համար «լեգենդար» Մոնետտայի շնորհիվ։


Հեղինակ՝ Հայկ Խաչատրյան

Խմբագիր՝ Բագրատ Թովմասյան

  • Share this post:
  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
Eurovision, Featured, National, News, OGAE, Special|27.10.2017 11:17 pm