Հայտնի է, թե որ կիսաեզրափակչում հանդես կգա Հայաստանը

By

Այսօր Լիսաբոնի քաղաքապետարանում տեղի ունեցավ կիսաեզրափակիչների բաշխման վիճակահանությունը, որով պարզ դարձավ թե երկրներից յուրաքանչյուրը որ կիսաեզրափակչի որ հատվածում է ելույթ ունենալու։ Հայաստանը հանդես կգա առաջին կիսաեզրափակչի երկրորդ հատվածում։

Մասնակից 43 երկրներից վիճակահանությունում ներգրավված էին 37-ը. մյուս 6 երկրները մրցույթը սկսելու են միանգամից եզրափակչից։ Այդ երկրներն են «Մեծ հնգյակի» անդամները` Գերմանիան, Իտալիան, Իսպանիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և մրցույթի հյուրընկալը` Պորտուգալիան։ Վիճակահանությամբ որոշվեց, թե այս երկրներից յուրաքանչյուրը որ կիսաեզրափաչում է քվեարկելու։ Այսպիսով առաջին կիսաեզրափակչում քվեարկելու են Իսպանիան, Մեծ Բրիտանիան, Պորտուգալիան, իսկ երկրորդում` Գերմանիան, Իտալիան, Ֆրանսիան։ Իտալիայի ազգային հեռարձակողների միությունը նախապես դիմել էր մրցույթի կզմակերպիչներին և խնդրել հանդես գալ երկրորդ կիսաեզրափակչում։

Մյուս 37 երկրները նախապես բաժանվել էին 6 խմբերի` հիմնվելով մրցույթի պաշտոնական գործընկեր Digame-ի՝ քվեարկության վերաբերյալ կատարած հաշվարկների վրա։ Ըստ կազմակերպիչների` սա միտված է հնարավորինս սահմանափակել հարևան երկրների փոխքվեարկությունը և բարձրացնել անկանխատեսելիության գործակիցը մրցույթում։

Այսպիսով` ըստ վիճակահանության` առաջին կիսաեզրափակչում մրցելու են 19, իսկ երկրորդում` 18 երկրներ։ Առաջին կիսաեզրափակչի առաջին հատվածում (1-10) հանդես կգան Բելառուսը, Բուլղարիան, Լիտվան, Ալբանիան, Չեխիան, Բելգիան, Իսլանդիան, Ադրբեջանը, Իսրայելը, Էստոնիան, իսկ երկրորդ հատվածում (11-19)` Հայաստանը, Շվեյցարիան, Ֆինլանդիան, Ավստրիան, Իռլանդիան, Կիպրոսը, Խորվաթիան, Հունաստանը, Մակեդոնիան։

Երկրորդ կիսաեզրափակչի առաջին հատվածում (1-9) ելույթ կունենան Ռուսաստանը, Սերբիան, Դանիան, Ռումինիան, Ավստրալիան, Նորվեգիան, Մոլդովան, Սան Մարինոն, Նիդերլանդները, իսկ երկրորդ հատվածում (10-18)` Չեռնոգորիան, Շվեդիան, Հունգարիան, Մալթան, Լատվիան, Վրաստանը, Լեհաստանը, Սլովենիան և Ուկրաինան։ Իսկ թե որ համարի ներքո են հանդես գալու երկրները, ինչպես նախորդ տարիներին, կորոշվի մրցույթի կազմակերպիչների կողմից մարտի վերջին` երբ հայտնի կլինեն մասնակից բոլոր երգերը։

Վիճակահանության սկզբում տեղի ունեցավ նաև մրցույթի պատվանշանների հանձման արարողությունը, որի ընթացքում Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն մրցույթի «բանալիները» փոխանցեց Լիսաբոնի քաղաքապետ` Ֆերնանդո Մեդինային։

Հիշեցնենք, որ առաջին կիսաեզրափակիչը անցկացվելու է մայիսի 8-ին, երկրորդը` մայիսի 10-ին, իսկ եզրափակիչը` մայիսի 12-ին։

 

Հեղինակ` Հայկ Խաչատրյան

  • Share this post:
  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
Eurovision, News, Без рубрики|29.01.2018 4:58 pm