Հայտնի են Եվրատեսիլ 2017-ի Առաջին Կիսաեզրափակչի Հաղթողները

By

Ժամեր առաջ ազդարարվեց   ամենահայտնի երաժշտական փառատոնի՝  Եվրատեսիլ 2017-ի սկիզբը: Շոուի ավարտին հրապարակվեցին առաջին կիսաեզրափակչի արդունքները: Սպասվածի համաձայն, պրոֆեսիոնալ ժյուրիի և հեռուստադիտողի քվեարկության արդյունքները գոհացուցիչ էին մեզ համար:

Հայաստանը ի թիվս այլ 9 երկրների այս երեկո իրավունք ստացավ պայքարելու հաղթանակի համար համաեվրոպական երգի մրցույթի եզրափակչում:

Չնայած առաջին կիսաեզրափակիչը ավանդաբար բացվում է նախորդ տարվա հաղթանակած երգով, այս տարի առաջին տպավորության ապահովումը կազմակերպիչները վստահել էին ուկրաինացի հայտնի երգիչ, երգահան Մոնատիկին, ով ներկայացավ իր «Spinning» երգով: Երգը թարգմանվել էր անգլերեն հատուկ մրցույթի համար: Պարային ռիթմերն ու բեմադրված  համարը ազդարարեցին լարված պայքարի սկիզբը:

18 ելույթներից հետո ազդարարվեց քվեարկության սկիզբը: Մինչ կիսաեզրափակչի մասնակից երկրները ինչպես նաև մեծ հնգյակից Իտալիան, Իսպանիան ու Միացյալ Թագավորությունը քվեարկում էին, բեմում էր Ջամալան: Երգչուհին կատարեց Ստոկհոլմում Ուկրաինային հաղթանակ բերած «1944»-ի սիմֆոնիկ տարբերակը և «Заманили» երգը

Քվեարկության արդյունքներով 18 երկրներից 10-ը անցան եզրափակիչ:
Դրանք են.

Շվեդիա. Ելույթ ունենալով առաջինը՝ Ռոբին Բենեգթսոնը  «I cant go on»-ի անմոռանալի կատարմամբ հեշտությամբ ապահովեց Շվեդիայի տեղը եզրափակչում:

Ավստրալիա. Իսայահի գեղեցիկ կատարումը և երգի մեղեդային կառուցվածքը կիսաեզրափակչում հաջողություն բերեցին նաև Ավստրալիային:

Բելգիա. Երիտասարդ երգչուհի Բլանշը Ինդիփոփ ժանրի «City Lights» երգով մինչ եվրատեսիլյան փորձերը համարվում էր մրցույթի հաղթողի հիմնական հավակնորդներից մեկը: Սպասվածի պես Բլանշը չփայլեց, սակայն իր տեղը նույնպես գտավ եզրափակչում:

Ադրբեջան. Դիհաջի «Skeletons»  երգի էքսպերիմենտալ կատարումն ու հետաքրքիր բեմականացումը սիրվեց Եվրոպայի կողմից և ապահովեց Ադրբեջանի մուտքը մեծ եզրափակիչ:

Պորտուգալիա. Յոթ տարվա դադարից հետո «Amar Pelos Dois»  երգն ու Սալվադոր Սոբրալի զգացմունքային կատարումը  Պորտուգալիաին հեշտորեն տեղափոխեցին եզրափակիչ:

Հունաստան. Նախորդ տարի Հունաստանը իրենց եվրատեսիլյան պատմության մեջ առաջին անգամ չանցավեզրափակիչ, սակայն երգչուհի Դեմին փոխեց ամեն ինչ և Հունաստանին հետ բերեց եզրափակիչ «This Is Love» երգով:

Լեհաստան.  Հմայիչ երգչուհի Կաշիա Մոշի գեղեցիկ վոկալային տվյալներն ու «Flashlight»  երգը Լեհաստանին դարձրեցին , անկանխատեսելի եզրափակիչ անցնողներից մեկը:

Մոլդովա.  Ինչպես և սպասվում էր իրենց սիրելի Epic SAX guy-ին SunStroke Project-ից եվրոպացի հանդիսատեսը չէր մոռացել, հենց նրանց քվեարկության արդյունքում Մոլդովան 3 տարվա դադարից հետո կրկին եզրափակչում է:

Կիպրոս. Մեր հայրենակից Հովիգը տպավորիչ կատարումով և գեղեցիկ երգով գրավեց ոչ միայն հայերիս, այլև ամբողջ եվրոպայի սրտերը: «Gravity» երգը կուկընդրենք նաև եզրափակչում:

Եվ իհարկե Հայաստան. Արծվիկն  ու Առաջին Ալիքի ստեղծագործական թիմը իսկապես գիտեն զարմացնել: Սա են փաստում այն արձագանքները որոնք Հայաստանի պատվիրակությունը ստանում է պարբերաբար՝ սկսած առաջին փորձի օրից: Արծվիկի և նրա շանսերի մասին մանրամասն ներկայացրել ենք ավելի վաղ:

Դե ինչ, ամփոփելով մրցութային առաջին օրը ևս մեկ անգամ տեղեկացնենք, որ երկրորդ կիսաեզրափակիչը տեղի է ունենալու մայիսի 11-ին , Երևանի ժամանակով ժամը 23:00-ին: Իսկ Մեծ եզրափակիչը շաբաթ օրը՝ մայիսի 13-ին:  OGAE Հայաստանը  կշարունակի Ձեզ տեղեկացված պահել յուրաքանչյուր եվրատեսիլյան իրադարձության մասին:

Հայկ Խաչատրյան, Բագրատ Թովմասյան

  • Share this post:
  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
Eurovision, Featured, News, Special|10.05.2017 1:26 am