Հայտնի դարձավ Դեպի Եվրատեսիլի երկրորդ տասնյակը

By

Արդեն հայտնի են բոլոր այն երգերը, որոնք փետրվարին մրցելու են` Հայաստանը Եվրատեսիլ երգի մրցույթում ներկայացնելու համար։ Ինչպես տեղեկացրել էինք, մրցույթում պայքարում են 20 մասնակիցներ, որոնցից 10-ին արդեն անդրադարձել ենք։ Իսկ հաջորդ 10-ին կներկայացնենք այս հոդվածում։

Հասմիկ Շիրոյան – You & I (Դու և ես)

Ուկրաինական «The Voice» երաժշտական նախագծի 4-րդ եթերաշրջանից հայտնի Հասմիկ Շիրոյանը ակնհայտ է, որ փայլեց նաև նախորդ տարի` Դեպի Եվրատեսիլի առաջին եթերաշրջանում։ Նա թերևս եզրափակիչ փուլ չհասավ, սակայն այդ ընթացքում հասցրեց դառնալ երկրպագուների սիրելին։ Հասմիկն առաջին մասնակիցներից էր, ով այս տարի հայտարարեց մրցույթին ևս մեկ անգամ մասնակցելու մասին։ Երգչուհին ներկայանում է գերպրոֆեսիոնալ թիմով. երգի հեղինակներն են աշխարհահռչակ երգահաններ Մարլին, Նեիլը, Հաջը, ովքեր համագործակցել են մի շարք հանրահայտ արտիստների հետ, ինչպիսիք են Ջեյմս Արթուրը, Սիգալան, Կայգոն, Դեմի Լովատոն, Քելի Քլարքսոնը և այլն։ Իր գրավիչ հնչյուններով և որակապես աչքի ընկնող երգում հատկապես շեշտադրվում է սիրո կարևորությունը։

 

Արման Մեսրոպյան – What You Hide (Ինչ ես թաքցնում)

Արման Մեսրոպյանը, չնայած լսարանին այդքան էլ հայտնի չէ, հասցրել է մասնակցել միջազգային մի քանի մրցույթների, որտեղ սակայն մեծ հաջողությունների չի հասել։ Նախագծում նրա երգը կորցրած սիրո մասին է, որտեղ հերոսը մի շարք հարցեր է ուղղում սիրած էակին։ Երգը ամբողջությամբ հեղինակել է Վահրամ Յանիկյանը։

 

Մգեր Արմենիա – Forever (Հավերժ)

Դեպի եվրատեսիլին որոշել է մասնակցել նաև «ՀՀ Վաստակավոր արտիստ» Մհերը, ով ներկայանում է «Մգեր Արմենիա» անվամբ։ Մհերի երգը բալլադ է, որն ունի դրամատիկ երաժշտություն։ Երգի սկզբում օգտագործված է նաև դուդուկ։ Դժվար է ասել, թե ինչի մասին երգում վաստակավոր արտիստը, սակայն երգի միջոցով ցանկություն է հայտնում հավերժ ապրելու և հույս ունի, որ դրախտից կլսեն իր ձայնը (I want to live forever and heaven Will hear my voice and answer me): Երգի հեղինակներն են Արսեն Բարսամյանը և Արշավիր Ստեփանյանը։

 

Ժաննա Դավթյան – Unbreakable (Անկոտրում)

Հայաստանյան «X Factor» նախագծի 3-րդ եթերաշրջանից հայտնի Ժաննան մրցույթում մեծ հաջողություններ ունեցավ և զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը։ Երգչուհին ներկայանում է Նիք Էգիբյանի հեղինակած երգով։ Երգը էլեկտրոփոփ ժանրում է։ Այն մեծ դժվարություններ կրած հերոսի մասին է, ով արդեն դարձել է անկոտրում։

 

Գևորգ Հարությունյան – Stand Up (Կանգնիր)

Գևորգը նույնպես հայտնի է դարձել «X Factor» նախագծից։ Նա մասնակցել է 2-րդ եթերաշրջանին և զբաղեցրել 5-րդ հորիզոնականը։ Իսկ նախորդ տարի նա մասնակցում էր «Դեպի Եվրատեսիլի» առաջին եթերաշրջանին, որտեղ սակայն եզրափակիչ փուլ չհասավ։ Գևորգը ներկայանում է Աստղիկ Գրիգորյանի և Լիանա Արամյանի գրած երգով, որի համահեղինակներից է նաև ինքը։ Երգը ցանկացած պահին ոտքի կանգնելու և ցանկությունների համար պայքարելու մասին է։ Այն աչքի է ընկնում իր դրամատիկ երաժշտությամբ և յուրահատուկ կառուցվածքով։

 ——————————————————————————————

Maria’s Secret – Escape (Փախուստ)

Երիտասարդ Մարիան մասնակցել է X Factor նախագծի 4-րդ եթերաշրջանին։ Երգչուհին մրցույթում մեծ հաջողություններ չունեցավ, սակայն հիշվեց իր ռեփ կատարումներով։ «Դեպի Եվրատեսիլին» նա նույնպես հնարավորություն կունենա ներկայացնելու ռեփ կարդալու իր ընդունակությունը, չնայած որ երգը ավելի շատ փոփ ժանրում է։ Երգի հեղինակը Ժորժ Տոնոյանն է։ Այն դժվարին իրավիճակներից փախուստի դիմելու և պայքարելու մասին է։

 

Լուսինե Մարդանյան – If You Don’t Walk Me Home (Եթե դու ինձ տուն չճանապարհես)

Երիտասարդ երգչուհի Լուսինե Մարդանյանը Թամար Կապրելյանի «Նվակ» երաժշտական նախագծից է։ Երգի երաժշտությունը գրել է հենց ինքը` Լուսինեն, իսկ բառերի հեղինակը Գագաչ Դերխորենյանն է։ Երգը բավականին օրգանիկ է հնչում, որի հերոսը միայնակ սպասում է սիրած էակին։

 

Մարիամ – Fade (Մարել)

Երգիչ, երգահան Մարիամը մրցույթին մասնակցում է իր հեղինակային երգով։ Նա համագործակցում է հայաստանյան մի քանի բենդերի հետ, ակտիվ է նաև երգահանության մեջ։ Մարիամի երգը ունի որոշ մելամաղձոտ տարրեր, սակայն այն չվախենալու, առաջ նայելու մասին է։

 

Ռոբերտ Քոլոյան – Get Away With Us (Հեռացիր մեզ հետ)

Ռոբերտը դեռ ամիսներ առաջ մասնակցում էր «Հայաստանի Ձայնը» նախագծի 4-րդ եթերաշրջանին։ Այնտեղ երգչին չհաջողվեց հասնել եզրափակիչ փուլ։ Ռոբերտի երգը հեղինակել են Արթուր Մնացականյանը և Գրիգոր Կյոկչյանը, համահեղինակներից է նաև ինքը։ Երգը աչքի է ընկնում իր հիշվող կրկներգով և երաժշտական զարգացումներով։

 

Գաթա բենդ – Շողա

Ազգայինի և ժամանակակիցի համադրությամբ հանդես եկող «Գաթա» բենդը «Դեպի Եվրատեսիլում» ևս հավատարիմ է մնում է իր սկզբունքներին։ Խումբը ներկայանում է մեներգիչ Անդրանիկ Մանուկյանի հեղինակային երգով։ Այն մասնակից երգերից միակն է, որտեղ ներկայացվաշ է ազգային երգն ու երաժշտությունը։

Հիշեցնենք, որ «Դեպի Եվրատեսիլ» նախագծի առաջին ուղիղ եթերը հեռարձակվելու է փետրվարի 3-ին, իսկ հաղթողի անունը պարզ կդառնա փետրվարի 24-ին։

Հեղինակ։ Հայկ Խաչատրյան

  • Share this post:
  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
Eurovision, Featured, National, News|18.01.2018 11:39 pm