Հայաստանը ՕԳԱԵ երգի մրցույթում

By

Ավելի քան մեկ ամիս առաջ իր տրամաբանական ավարտին հասավ Եվրատեսիլ 2017 երգի միջազգային մրցույթը, սակայն, Եվրատեսիլի երկրպագուների պաշտոնական ակումբը՝ ՕԳԱԵ-ն (ֆրանս․ OGAE – Organisation Générale des Amateurs de l’Eurovision) եվրատեսիլյան տրամադրությունը պահպանում է ողջ տարին, ինչի մասին վկայում են վերջինիս կազմակերպած ամենամյա մրցույթները: Ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես տեղի կունենա ՕԳԱԵ երգի մրցույթը՝ ՕԵՄ-ն (OGAE Song Contest – OSC), որին իր մասնակցությունը կունենա նաև Հայաստանը: Սակայն մինչ հայաստանյան այս տարվա մասնակցությանն անդրադառնալը եկեք ծանոթանանք մրցույթի ձևաչափին, կանոններին և մրցույթին Հայաստանի մասնակցության պատմությանը:

 

Մրցույթի ձևաչափը

ՕԳԱԵ երգի մրցույթը աուդիո ձևաչափով անցկացվող մրցույթ է, որը տեղի է ունենում ՕԳԱԵ ակումբների շրջանում ՝ սկսած 1986 թվականից: ՕԳԱԵ-ի բոլոր երկների ակումները իրավունք ունեն մասնակցելու մրցույթին և մասնակցության դեպքում պետք է յուրաքանչյուր ՕԳԱԵ ընտրում է իր երկրի մասնակից երգը, որով էլ ներկայանում է մրցույթին: Այնուհետև տեղի է ունենում քվեարկությունը եվրատեսիլյան ավանդական ձևաչափով. յուրաքանչյուր երկրի ՕԳԱԵ-ում անդմաները ընտրում են իրենց լավագույն տասնյակները՝ շնորհելով 1-8, 10 և 12 միավոր։ Այդ միավորների հանրագումարը նույնպես վերածվում է 1-8,10,12 միավորների և հայտարարվում, որպես տվյալ երկրի ՕԳԱԵ-ի քվեարկության արդյունքեր: Այսպիսով, բոլոր մասնակից ՕԳԱԵ ակումբների միավորների հանրագումարում ամենաշատ միավոր ստացած երգը ճանաչվում է հաղթող՝ ընձեռելով տվյալ երկրի ՕԳԱԵ ակումբին հաջորդ տարի մրցույթն անցկանցելու բացառիկ հնարավորությունը:


Մրցույթի
նպատակը

Մրցույթի գլխավոր նպատակներից մեկը յուրաքնչյուր մասնակից երկրի ազգային երգիչներին ու երաժշտությունն աջակցելն է և Եվրատեսիլի երկրպագուների շրջանում նրանց բացահայտելը: Քանի որ մրցույթն անցկացվում է Եվրատեսիլի ամենապասիվ շրջանում, այն ինչ-որ տեղ կրկին համախմբում է Եվրատեսիլի երկրպագուներին՝ տոնելու իրենց իսկ կողմից ընտրված երգերի շքերթը:


Մրցույթի
կանոնները

Ըստ սահմանված կանոնների անդամ երկրի կողմից ընտրած երգը պետք է՝
• թողարկված լինի մինչև մրցույթում առաջադրվելու կամ դրան նախորդող տարվա մեջ
• լինի ներկայացնող երկրի պետական լեզուներից որևէ մեկով
• լինի բնօրինակ տարբերակը (ռեմիքս տարբերակները չեն թույլատրվում)
• թողարկված լինի որևէ ձայնասկավառակում կամ CD-ի տեսքով, կամ էլ նախատեսված լինի թվային բեռնման համար
• լինի ստուդիո տարբերակ (կենդանի կատարումները չեն թույլատրվում)
• մասնակցած չլինի Եվրատեսիլ և Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթներին, ՕԳԱԵ երկրորդ հնարավորություն և ՕԳԱԵ վիդեո և ՕԳԱԵ երգի մրցույթներին
• կատարված լինի ներկայացնող երկրի քաղաքացու կողմից, իսկ խմբերի դեպքում գոնե մեկ անդամը պետք է լինի տվյալ երկրի քաղաքացի
• չգերազանցի 5 րոպեն:

Իսկ թե ինչ ձևաչափով կընտրվեն երգերը, թողնված է յուրաքանչյուր երկրի ՕԳԱԵ-ի հայեցողությանը: ՕԳԱԵ Հայաստանը, տարբեր տարիներին կիրառել է տարբեր ձևաչափեր ըստ տվյալ տարվա նպատակահարմարության։

 

Հայաստանյան մասնակցություն

 

2013

2013 թվականին ՕԳԱԵ Հայաստանը առաջին անգամ որոշեց մասնակցել ՕԳԱԵ երգի մրցույթին, և այն հայ հասարակության մեջ ավելի ճանաչելի դարձնելու նպատակով որոշեց հայաստանյան երգի ընտրությունը անկցացնել 50/50 ձևաչափով, այն է ձայների 50% ձևավորել ՕԳԱԵ Հայաստանի անդամների ընտրությամբ, իսկ մյուս 50%-ը հանրության օնլայն քվեարկությամբ։

Ընտրված 10 թեկնածութներից և՛ ՕԳԱԵ անդամների և՛ հանրության կողմից լավագույնը ճանաչվեց Սիրուշոյի “PreGomesh” ստեղծագործությունը, որն էլ դարձավ հայաստանյան առաջին պատվիրակը ՕԵՄ-ում։ ՕԵՄ 2013-ը կազմակերպվել էր ՕԳԱԵ Իտալիայի կողմից, քանի որ նախորդ՝ 2012 թվականին հաղթող էր ճանաչվել Իտալիան ներկայացնող, Եվրատեսիլ 2012-ից արդեն հայտնի, Նինա Զիլլիի “Per Sempre” երգը։
Այդ տարի Հայաստանը հավաքեց 159 միավոր և 30 մասնակիցների մեջ գրավեց 5-րդ հորիզոնականը, ապահովելով մրցույթում մեր մասնակցության դեռևս լավագույն արդյունքը։ Այդ տարի մրցույթը հաղթեց Եվրատեսիլ 2012-ից հայտնի, Իսպանիան ներկայցնող Պաստորա Սոլերը՝ “Te despertaré” բալլադային երգով, մրցույթը տեղափոխելով Իսպանիա։ ՕԵՄ 2013 ամբողջական արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ։

 

2014

ՕԵՄ-ում մասնացկության 2-րդ տարում ՕԳԱԵ Հայաստանը ընտրեց ներքին ընտրության տարբերակը որում ՕԳԱԵ Հայաստանի անդամները նախապես ընտրված 5 թեկնածուներից ընտրեցին այդ տարվա Էմմիի բավականին տպավորիչ և հուզիչ “Սիրելով հեռանում եմ” բալլադը։

ՕԵՄ 2014-ում այն հավաքեց 28 միավոր և 26 մասնակիցների մեջ կգրավեր 13-րդ հորիզոնականը, սակայն տեխնիկական խնդիրների պատճառով Հայաստանը այդ տարի որակազրկվեց մրցույթում։ Հաղթող ճանաչվեց ֆրանսուհի Ինդիլան իր “Dernière Danse” երգով՝ մրցույթը տեղափոխելով Ֆրանսիա։ ՕԵՄ 2014-ի արդյունքների ամփոփումը կարող եք դիտել ստորև բերված տեսանյությում։

 

2015

2015-ին ՕԳԱԵ Հայաստանը ընտրեց Ինգա և Անուշ Արշակյանների՝ հայերիս համար խորհրդանշական այդ տարվան համապատասխան “Ապրելու ապրիլ” երգը։ Երգը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-ամյակին և խորհրանդշում էր հայ ժողովրդի վերածնունդը, ապրելու ձգտումը ու անսպառ հավատը։

Այդ տարի մասնակցում էին ռեկորդային 31 երկներ, որոնց շարքում էլ “Ապրելու ապրիլը” գրավեց 20-րդ հորիզոնականը՝ հավաքելով 22 միավոր։ Մրցույթը կրկին հաղթեց Ֆրանսիան ներկայացնող Քենջի Ժիրակի “Andalouse” երգը։ Ամբողջական արդյունքների ամփոփումը դիտեք ստորև բերված տեսանյությում։

 

 

2016

2 տարվա դադարից հետո ՕԳԱԵ Հայաստանը որոշեց վերադառնալ 50/50 ձևաչափին և ընտրել ՕԵՄ 2016 հայաստանյան պատվիրակին ՕԳԱԵ Հայաստանի անդամների և հանրության օգնությամբ։ Կրկին ներկայացվել էին 10 տարբեր ստեղծագործություններ, որոնցից էլ պետք է ընտրվեր միայն մեկը։

 

ՕԵՄ 2016 հայաստանյան մասնակցի ընտրությունը որոշակիորեն հիշեցնում էր այդ տարվա Եվրատեսիլ երգի մրցույթի հաղթողի ընտրությունը, որտեղ հեռուստադիտողները հաղթող ճանաչեցին Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Լազարևի “You Are the Only One”, իսկ ժյուրիի անդամները՝ Ավստրալիայի ներկայացուցիչ Dami Im-ի “Sound of Silence” ստեղծագործությունը, սակայն,  ինչպես հիշում եք, այդ քվեարկությունների համադրմամբ հաղթեց Ուկրաինայի ներկայացուցիչ Ջամալան1944” երգով։ Նման կերպ ստացվեց և ՕԵՄ 2016 հայաստայան երգի ընտրության դեպքում․ ՕԳԱԵ անդամների քվեարկությամբ հաղթեց Արտեմ Վալտերի “Մարոկանա” երգը, այն դեպքում, երբ հանրության կողմից հաղթող ճանաչվեց Սոնա Ռուբենյանի “Ժամանակն է” երգը։ Սակայն, քվեարկությունների համադրմամբ հաղթեց Սիրուշոյի “Մի թող ինձ մենակ” ստեղծագործությունը։

 

Մրցույթին այդ տարի մասնակցում էին 28 երկիր, որոնց մեջ էլ “Մի թող ինձ մենակ”-ը գրավեց 22-րդ հորիզոնականը հավաքելով ընդամենը 18 միավոր։ ՕԵՄ 2016-ի հաղթող ճանաչվեց իսպանացի Ա՛լվարո Սոլերը՝ “Sofia” երգով, 2 տարի անց մրցույթը վերադարձնելով Իսպանիա։ Ամբողջական արդյունքները կարող եք դիտել ստորև։

Դե ինչ, ՕԵՄ 2017-ի մասնակիցների ընտրությունը արդեն մեկնարկել է, և շուտով նաև մենք կսկսենք մեր մասնակցի ընտրությունը, իսկ թե ինչպես և երբ այն տեղի կունենա կիամանք հետևելով մեր պաշտոնական կայքի և ֆեյսբուքյան էջի նորություններին։

Հեղինակներ՝ Հայկ Խաչատրյան, Խաչատուր Թովմասյան

Խմբագիր՝ Բագրատ Թովմասյան

Պատկերազարդում՝ Խաչատուր Թովմասյան

  • Share this post:
  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
Eurovision, Featured, National, OGAE, Special, Video|27.06.2017 3:05 am