Ինչու Դիտել Եվրատեսիլն Այս Տարի

By

Այս տարի արդեն 62-րդ անգամ անցկացվելու է Եվրատեսիլ երգի մրցույթը, որին իր 11-րդ մասնակցությունն է գրանցելու նաև Հայաստանը: Անհերքելի է, որ Եվրատեսիլ երգի մրցույթը Եվրոպայի ամենասպասված, ամենաինտրիգային ու վարկանշային հեռուստաշոուն է: Միավորելով տասնյակ պետություններ՝ այն ամեն տարի ունենում է միլիոնավոր հեռուստադիտողներ ամբողջ աշխարհից: Չնայած մրցույթի սկզբունքներն ու իրականացման ձևերը անփոփոխ են, միևնույն է OGAE Հայաստանը փորձել է առանձնացնել այն ամենը, ինչով աչքի է ընկնելու է  62-րդ Եվրատեսիլը:

   1. Ուկրաինան ողջունում է Ձեզ

2016թ-ին Ստոկհոլմում հաղթանակ գրանցելով՝ Ջամալան շաբաթներ շարունակ ողջ Եվրոպայի (և ոչ միայն) ուշադրությունը Ուկրաինայի վրա սևեռելու կարևորագույն հնարավորություն ձեռք բերեց: Իսկ ավելի ուշ Կիևը դարձավ Արևելյան Եվրոպայի առաջին քաղաքը, որը մրցույթը հյուրընկալելու է 2-րդ անգամ: Եվրատեսիլի հյուրընկալումը շատ մեծ մարտահրավեր է Ուկրաինայի համար, սակայն միևնույն ժամանակ այն կարևոր հարթակ է երկիրը 2014թ-ի հեղափոխությունից հետո նորովի ներկայացնելու գործում: Այս ամենն իրականացնելու համար Ուկրաինան գործի է դրել իր բոլոր լծակները: Ակնհայտ է, որ ուկրաինացիները շատ լուրջ են տրամադրված և անում են անհնարինը մրցույթը հաջողությամբ անցկացնելու համար: Իսկ այն բնագավառներում, որտեղ չեն բավարարում ներքին կարողությունները, նրանք դիմում են միջազգային պրոֆեսիոնալ թիմին: Երկրի պատրաստակամությունը և միջազգային թիմի պրոֆեսիոնալիզմը հաջող և ճիշտ կազմակերպված մրցույթ ունենալու կարևոր երաշխիքներ են:


2. Փնտրվում է հաղորդավարուհի

Այս տարվա Եվրատեսիլն առանձնահատուկ է նաև հաղորդավարների ընտրության հարցում: Չնայած ուկրաինուհիներն իրենց գեղեցկությամբ և հմայքով հայտնի են ողջ աշխարհում, այնուամենայնիվ Եվրատեսիլի պատմության մեջ առաջին անգամ մրցույթը վարելու համար ընտրվել են միայն արական սեռի ներկայացուցիչներ: Մինչ եվրատեսիլյան երկրպագուները փորձում են համակերպվել այս փաստի հետ, հաղորդավարներ Օլեքսանդր Սկիչկոն, Վոլոդիմիր Օստապչուկը և Թիմուր Միրոշնիչենկոն շարունակում են իրենց ամենօրյա փորձերը՝ եթերից մեզ հավուր պատշաճի ողջունելու համար: Թե ինչպես հաղորդավարները կարող են մրցույթի ընթացքում ապահովել աննկարագրելի շոու, բոլորս համոզվեցինք նախորդ տարի, իսկ այս տարի ականատես կլինենք, թե ինչպիսին է Եվրատեսիլը առանց գեղեցիկ հաղորդավարուհիների, որոնց ներկայությունը բեմում վայելում էինք յուրաքանչյուր տարի: Ինչ խոսք, տղաների վրա մեծ պատասխանատվություն է դրված:


3. 1800 լուսարձակներ և 1000 մ2 LED էկրան

Հաջող Եվրատեսիլի կարևոր գրավականներից է շքեղ ու տեխնիկապես հարուստ բեմի առկայությունը: Այս հարցում կիևյան բեմը ոչնչով չի զիջելու նախորդներին: Բեմի դիզայնով զբաղվել է գերմանացի հայտնի դիզայներ Ֆլորիան Վիդերը (Եվրատեսիլ 2011, 2012, 2015 թվականների եվրատեսիլյան բեմի դիզայներ): Չնայած շրջանաձև բեմահարթակը չափսերով շատ մեծ չէ, սակայն յուրահատուկ դիզայնով կամարը, 1000 մ2 LED էկրանը, 1800 լուսարձակներն ու կենտրոնում տեղակայված տեխնիկապես հարուստ ջահը ապահովելու են բեմի շքեղությունն ու հիանալի տեսքը: Շոուների ընթացքում օգտագործվելու են 258 բարձրախոսներ, 212 խոսափողներ, կրակ ապահովող 48 սարքեր: Բեմը կշռում է շուրջ 140 տոննա: Ուշագրավ է, որ ուղիղ հեռարձակումների ընթացքում բեմը տեխնիկապես վերահսկելու համար աշխատելու է շուրջ 220 մարդ: Տեխնիկապես հարուստ նման հարթակի վրա կարող են բեմադրվել այնպիսի ելույթներ, որոնք կզարմացնեն նույնիսկ ամենաբծախնդիր հեռուստադիտողին:


 

  4. «Տոնի՛ր բազմազանությունը»

Սկսած 2002թ-ից յուրաքանչյուր Եվրատեսիլի համար ընտրվում են կարգախոսներ: Այս տարվա կարգախոսն է «Տոնի՛ր բազմազանությունը», որն ամբողջովին համապատասխանում է Եվրատեսիլ 2017-ին: Երեք շոուների ընթացքում հնչելու են երաժշտական բազմազան ոճեր. Եվրատեսիլի համար ավանդական համարվող էլեկտրոփոփի, եվրոփոփի, օրկ-փոփի ու ֆոլկ-փոփի կողքին լինելու են ինդի փոփ, օպերային փոփ, սինթ-փոփ, ուորլդբիթ, հիփ-հոփ, Ար էն Բի, սոուլ, ջազզ, ռեգգի, դիսկո, էլեկտրոնիկ և սիմֆոնիկ ռոք, ալտերնատիվ մետալ և նույնիսկ պարային ու էթնիկ երաժշտություններ: Երաժշտական այս բազմազանությունը ուղեկցվելու է նաև լեզվային բազմազանությամբ: Անգլերենից բացի մայիսի 9-ից 13-ը Կիևյան բեմից հնչելու են ֆրանսերեն, իտալերեն, իսպաներեն, պորտուգալերեն, հունգարերեն և Եվրատեսիլի պատմության մեջ առաջին անգամ բելառուսերեն և նույնիսկ գնչուերեն: Իսկ Իտալիայի “Occidentali’s Karma” երգի ընթացքում հնչելու է նաև հին հունարեն, պալիերեն և սանսկրիտ:


5. 4-րդ կամ նույնիսկ 22-րդ անգամ

Շատերն են փաստում, որ արտիստի կարիերայում մեկ անգամ մասնակցությունը Եվրատեսիլին ամբողջությամբ բավարար է: Այս դիտարկման հետ, սակայն, որոշ մասնակիցներ բացարձակապես համաձայն չեն: 2017թ-ին մրցույթ են վերադառնում հին ու սիրված մի շարք դեմքեր, որոնց շարքում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Սան Մարինոյի ներկայացուցիչ Վալենտինա Մոնետան: Երգչուհին տոնելու է իր 4-րդ մասնակցությունը: Սան Մարինոյի 8 ելույթներից ուղիղ կեսին անմիջականորեն մասնակցած Վալենտինան որոշել է այս տարի հանդես գալ դուետով ամերիկացի երգիչ Ջիմմի Ուիլսոնի հետ: Նրանք կատարելու են “Spirit of the Night” երգը, որի հեղինակը Ռալֆ Զիգելն է: Ուշագրավն այն է, որ Զիգելը՝ որպես երգի հեղինակ, Եվրատեսիլին մասնակցում է 22-րդ անգամ: Մրցույթի պատմության մեջ ռեկորդային թվեր ապահովող այս կատարումն անկասկած տարիներ հետո անգամ լինելու է Եվրատեսիլ 2017թ-ի ամենահիշարժան պահերից մեկը, եթե իհարկե Մոնետան ու Զիգելը կրկին չվերադառնան:


6. Ո՞վ
կհաղթի:

Չնայած բուքմեյքերնրը ավելի քան վստահ են Իտալիայի հաղթանակին, այնուամենայնիվ նախորդ տարի Ուկրաինայի անակնկալ հաղթանակից հետո հարցին հստակ պատասխան տալը դառնում է գրեթե անհնարին: Ընդ որում բուքմեյքերները, որոնք այդպես էլ չգուշակեցին Ջամալայի հաղթանակը, հաստատակամ են միայն հաղթողի հարցում: Իսկ ազգային ժյուրիի ներգրավածությունը էլ ավելի բարդ է դարձնում հաղթողին կանխազգալը: Մի բան հստակ է. ընդգծված հաղթանակ չի լինելու: Հենց այս ամենն էլ ապահովելու է մրցույթի դիտողականությունն ու այդքան սպասված ինտրիգը: Մրցակցային լարվածությունը գագաթնակետին հասցնելու առումով կարևոր ներդրում է նաև նախորդ տարի առաջին անգամ կիրառված քվեարկության ամփոփման նոր համակարգը, որը հնարավորություն է տալիս մինչև վերջին վարկյանը լարված մնալ և սպասել հաղթողի անվանը:


7. Միմյանց
դեմ պայքարող երկու հայ

Այս Եվրատեսիլը հայերիս համար նշանավորվում է նաև նրանով, որ մրցույթի պատմության մեջ առաջին անգամ ազգությամբ հայ ներկայացուցիչ ընտրվել է ոչ միայն Հայաստանից, այլ նաև Կիպրոսից (Հովիգի մասին ավելի մանրամասն այստեղ): Հատկանշական է, որ Հովիգն ու Արծվիկը ընդգրկված են միևնույն կիսաեզրափակչում և ելույթ են ունենալու իրար հաջորդելով. առաջին կիսաեզրափակչում Հովիգը 15-րդն է, Արծվիկը՝ 16-րդը: Ինչպես են նրանք պայքարելու, արդյոք Հայաստանն ու Կիպրոսը փոխանակվելու են 12 միավորներով, ինչպիսի արձագանք է տալու հարևան երկիրը Կիպրոսին և իր մասնակցին այս տարի՝ հայերիս համար մրցույթի ամենահետաքրքիր հարցերից են:

Ի դեպ տարին հայաշատ է, ոչ միայն մասնակիցների շրջանում, այլև ժյուրիի անդամների: Բացի Հայաստանից, ազգությամբ հայ ժյուրիի անդամներ ընդգրկվել են նաև Ալբանիայի, Ավստրիայի, Սլովենիայի ազգային ժյուրիի կազմում (նրանց մասին ավելի մանրամասն այստեղ)

Թե ինչով է առանձնահատուկ Եվրատեսիլ 2017-ը ձեզ համար՝ գրեք մեկնաբանություններում, իսկ մինչ այդ հիշեցնենք, որ Եվրատեսիլ երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչը տեղի կունենա վաղը՝  մայիսի 9-ինԿիևի Միջազգային ցուցահանդեսային կենտրոնում Երևանի ժամանակով ժամը 23:00-ին:

Հայկ Խաչատրյան
Խմբագիր՝ Բագրատ Թովմասյան
Photos: eurovision.tv

  • Share this post:
  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
Eurovision, Featured, News, OGAE, Special, Video|08.05.2017 1:57 pm