Եվրատեսիլ 2017-ի Ամենահիշարժան Պահերը

By

Օրեր առաջ ավարտին մոտեցավ Եվրատեսիլ երգի միջազգային մրցույթը: Ինչպես ամեն տարի, այս տարի ևս մրցույթն ուղեկցվեց բազմաթիվ տպավորիչ և սկանդալային պահերով: OGAE Հայաստանը նախքան մրցույթի մեկնարկը արդեն առանձնացրել էր, թե ինչով էր առանձնահատուկ լինելու այս տարվա Եվրատեսիլը: Իսկ թե որոնք եղան այս տարվա ամենահիշարժան պահերը, կներկայացնենք այս հոդվածում:

  1. Ու՞ր էր Ռուսաստանը:

Ռուսաստանը չնայած նախապես որոշել էր մասնակցել մրցույթին և նույնիսկ ընտրել էր այս տարվա իր մասնակցին ու  երգը, այնուամենայնիվ այդպես էլ չմասնակցեց Ուկրաինայի հյուրընկալած միջոցառմանը: Բանն այն է, որ Յուլյա Սամոյլովան՝ Ռուսաստանի ընտրած ներկայացուցիչը, 2015 թվականին այցելել էր Ղրիմ, որը ռազմագրավված է Ռուսաստանի կողմից, իսկ Ղրիմ այցելած անձանց մուտքը Ուկրաինա արգելված է: Մարտի վերջին Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտարարեց, որ ռուս երգչուհին չի կարող մասնակցել մրցույթին, քանի որ Կիև ժամանելուն պես մուտքի արգելք կստանա: Խնդիրը փորձեց լուծել Եվրապական Հեռարձակողների Միությունը, որը Ռուսաստանին առաջարկեց մասնակցել մրցույթին ոչ թե Կիևից, այլ իրենց ընտրած ցանկացած վայրից արբանյակային հեռարձակման միջոցով: Կողմերը, սակայն, մերժեցին փոխզիջումային այս տարբերակը: Արդյունքում մրցույթից մեկ ամիս առաջ Ռուսաստանը հայտարարեց իր հեռանալու մասին: Այս դրվագը բազմաթիվ քննարկումների տեղիք տվեց: Շատերը արգելքը որակեցին քաղաքական, մինչդեռ կազմակերպիչները պնդում էին, որ երգչուհու մուտքը պարզապես հակասում է Ուկրաինայի օրենսդրությանը: Մյուս կողմից Ռուսաստանը ի սկզբանե որոշել էր չմասնակցել ո՛չ պատվիրակության նախագահների նախամրցույթային ամենամյա ժողովին, ո՛չ էլ կազմակերպչական այլ հարցերի:

Առաջին կիսաեզրափակչի օրը՝ մայիսի 9-ին, Յուլյան կրկին ելույթ ունեցավ  Ղրիմում՝ կատարելով Եվրատեսիլի համար ընտրված “Flame is Burning” երգը:

 

  1. Տեխնիկական խառնաշփոթ

Այն, որ Եվրատեսիլյան բեմը բավական հարուստ է տեխնիկապես, պարզից էլ պարզ է: Սակայն տեխնիկական մեկ խոտանը կարող է իր բացասական ազդեցությունը թողնել մասնակից երկրներից յուրաքնչյուրի վրա: Այս տարի տեխնիկական միջադեպերի զոհ դարձան Հայաստանը, Հունաստանը և Էստոնիան:

Հեռուստատեսային առաջին կիսաեզրափակչից մեկ օր շուտ՝ Ժյուրիի առաջին կիսաեզրափակիչ շոուի ընթացքում, Արծվիկի ելույթի ժամանակ Հայաստանի երգի փոխարեն միացվեց Չեխիայինը: Կամզակերպիչները արագորեն անջատեցին սխալ միացված երաժշտությունը և միացրին “Fly With Me” -ի երաժշտությունը: Արծվիկը բարեբախտաբար հաջող ելույթ ունեցավ:

Նույն շոուի ընթացքում տեխնիկական խնդիրներով ուղեկցվեց նաև Հունաստանի ելույթը: Երգչուհի Դեմին հասնելով կրկներգին լռեց՝ սպասելով բեք-վոկալիստուհու կատարմանը, մինչդեռ վերջինիս բարձրախոսը անսարք դուրս եկավ: Խաթարված ելույթը ընդհատվեց, որից հետո Հունաստանը ևս մեկ անգամ հանդես եկավ, սակայն առանց միջադեպերի: Տեխնիկական հաջորդ խոտանը առավել քան ակնառու էր, քանի որ տեղի ունեցավ երկրորդ կիսաեզրափակչի ուղիղ հեռարձակման ժամանակ՝ Էստոնիայի ելույթի ընթացքում: Երգի սկզբում երգչուհի Լաուրայի արտաբերած նախադասությունը չլսվեց՝ բարձրախոսի ուշ միանալու պատճառով:

 

  1. «Կամուսնանա՞ս ինձ հետ, Յա՛նա»

Երկրորդ կիսաեզրփակչի ընթացքում մինչ Եվրոպան լարված քվեարկում էր, հենց կանաչ սենյակից ամուսնության առաջարկ ստացավ ՆՀՄ Մակեդոնիան ներկայացնող Յանա Բուրչեսկան: Հղի երգչուհին անսպասելի առաջարկից հուզվեց և իր ապագա երեխայի հորը դրական պատասխան տվեց: Երգչուհու փեսացուն՝ Ալեքսանդրը, խոստովանեց, որ ավելի հարմար պահ և հիշարժան օր չէր կարող գտնել առաջարկն անելու համար:

 

  1. Համբույրաշատ եզրափակիչ

Եվրատեսիլյան բեմին համբույրները կարծես թե ավանդական են դարձել, սակայն ելույթից հետո սիրո անսպասելի դրսևորումները միշտ չէ, որ  տպավորիչ են լինում: Ավարտելով իրենց եզրափակիչ ելույթը՝ միլիոնավոր հեռուստադիտողի առաջ համբուրվեցին Բելառուսը ներկայացնող NAVIBAND դուետի անդամներ Արտյոմն ու Քսենիան: Իսկ Ռումինիան ներկայացնող Ալեքսը ելույթի ավարտին անսպասելիորեն համբուրեց իր հետ զուգերգով հանդես եկող Իլինկային, ինչին երգչուհին հաստատ չէր սպասում, դատելով վերջինիս զարմանքը:

 

  1. Ջամալայի խաթարված ելույթը

Եզրափակչի ժամանակ, երբ նախորդ տարի հաղթանակ տարած Ջամալան կատարում էր իր նոր սինգլը, բեմ ներխուժեց Ավստրիալիայի դրոշով ծպտված ներկաներից մեկը, ով բեմի վրա իջեցրեց տաբատն ու ցուցադրեց հետույքը: Անվտանգության աշխատակիցները արագորեն հեռացրին տղամարդուն: Տհաճ անակնկալը բացասական ազդեցություն չունեցավ Ջամալայի ելույթի վրա, երգչուհին բարեհաջող ավարտին հասցրեց իր  կատարումը:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ բեմ բարձրացած տղամարդը Ուկրաինայում հայտնի լրագրող Վիտալիյ Սեյդուկն է, ով բազմիցս տարբեր միջադեպերի կենտրոնում է եղել: Վերջինս 2016թ-ին նույնիսկ փորձել է համբուրել Քիմ Քարդաշյանի հետույքը: Սեյդուկին Եվրատեսլյան բեմում արածի համար սպասվում է մինչև 5 տարի ազատազրկում և դրամական մեծ տուգանք:

 

  1. «…But tonight is our final night » 

Երկրորդ կիսաեզրափակչից ժամեր առաջ հայտարարություն տարածվեց, որ լուծարվելու է իսրայելական IBA հեռուստաընկերությունը: Չնայած ներքին մի շարք տարաձայնությունների՝ ԵՀՄ-ն թույլատրել էր հեռուստաընկերությանը ցուցադրել Եվրատեսիլ երգի մրցույթը, որը դարձավ այդ հեռուստաալիքով հեռարձակվող վերջին հեռուստաշոուն: Միջադեպը առավել մեծ արձագանք ստացավ, երբ Իսրայելի ազգային ժյուրիի ձայները ներկայացնելիս այդ մասին հայտարարվեց խոսնակի կողմից` ուղիղ հեռարձակման ժամանակ: Հեռուստաալիքը Եվրատեսիլը ցուցադրում էր սկսած 1979 թվականից և հյուրընկալել էր 3 անգամ:

 

  1. Նոր լավագույն եռյակը

Չնայած հրապարակված արդյունքները որոշ երկրների տհաճ անակնկալներ մատուցեցին, այնուամենայնիվ լավագույն եռյակի համար այս Եվրատեսիլը ամենահիշարժանն էր: Նրանցից յուրաքանչյուրի՝ Պորտուգալիայի, Բուլղարիայի, Մոլդովայի համար իրենց զբաղեցրած հորիզոնականները ամենաբարձրն էին երկրի եվրատեսիլյան պատմության մեջ: Մոլդովան, մասնակցելով 2005 թվականից, մեկ անգամ զբաղեցրել էր 6-րդ հորիզոնականը: Բուլղարիան, նույնպես մասնակցելով 2005 թվականից, այս տարի ապահովեց իր լավագույն արդյունքը նախկին 4-րդ հորիզոնականի փոխարեն, որը նախորդ տարի ապահովել էր Պոլի Գենովան: Իսկ Պորտուգալիայի 49 տարվա մասնակցության պարագայում ամենալավ արդյունքը նախկինում եղել էր 1996 թվականին, երբ երկիրը զբաղեցրել էր 6-րդ հորիզոնականը:

 

  1. Հեքիաթային հաղթանակ

Թերևս արդեն խոսել ենք Պորտուգալիայի հաղթանակի մասին, այնուամենայնիվ այն ունի ոչ պակաս հետաքրքիր նախաբան: 2015 թվականին հերթական անգամ եզրափակիչ չանցնելուց հետո՝ պորտուգալական հեռարձակող միությունը հայտարարեց, որ երկիրը հեռանում է Եվրատեսիլից պարբերաբար վատ արդյունքներ գրանցելու պատճառով: Մեկ տարվա բացակայությունից հետո Պորտուգալիան 2017 թվականին վերադարձավ մրցույթ՝ նախընտրական փուլի փոփոխված տարբերակով, որտեղ էլ Սալվադորը ընտրվեց այս տարվա պատվիրակ և ապահովեց իր հայրենիքի երբևէ գրանցած լավագույն արդյունքը: Սա հաղթանակ էր մեկ տարվա բացակայության գնով:

Հեղինակ՝ Հայկ Խաչատրյան
Խմբագիր՝ Բագրատ Թովմասյան

  • Share this post:
  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
Eurovision, Featured, News, OGAE, Opinion, Special, Video|16.05.2017 10:12 pm


canlı bahisbahis siteleri