Եվրատեսիլ 2017․ Պորտուգալիա, Մեծ Բրիտանիա, Չեխիա, Մոլդովա, Իսլանդիա և Չեռնոգորիա

By

Մինչ Կիևում Եվրատեսիլ 2017-ի նախապատրաստական վերջին աշխատանքներն են արվում, իսկ մասնակիցները իրենց երկրներում, առանց ջանքեր խնայելու պատրաստվում են մայիսյան ամենագունեղ շաբաթվան, ՕԳԱԵ Հայաստանը կրկին վերադառնում է ներկայացնելու ձեզ ևս 6 մրցութային երգ:
Ուրախ ռիթմերից մինչև ամենաթաղծոտ բալլադ, այս շաբաթվա մեր եվրատեսիլյան տեսությունն իսկապես հետևում է մրցույթի կարգախոսին, որն է «Տոնե՛նք Բազմազանությունը»։ Ծանոթացեք Պորտուգալիայի, Չեխիայի, Իսլանդիայի, Միացիալ Թագավորության, Մոլդովայի և Չեռնոգորիայի մասնակիցներին ու նրանց մրցութային երգերին: Մեկնաբանություններում նշեք, թե ո՞ր երգն ավելի տպավորվեց:

Պորտուգալիա

Մեկ տարվա դադարից հետո 2016 թ-ի դեկտեմբերին պորտուգալական RTP հեռուստաալիքը հայտարարեց երկրի՝ մրցույթ վերադառնալու մասին: Ինչպես և նախկինում, այս անգամ ևս Պորտուգալիայի երգի նախընտրական ազգային փուլը տեղի ունեցավ “Festival da Canção” փառատոնի շրջանակներում, որն անցկացվում էր 51-րդ անգամ: Փառատոնի հաղթող հռչակվեց երիտասարդ ու տաղանդավոր երգիչ ու երաժիշտ Սալվադոր Սոբրալը. վերջինս իրավունք ստացավ ներկայացնել երկիրը «Երվատեսիլ»-ում:  27-ամյա Սալվադոր Վիլար Բրամքամբ Սոբրալին պորտուգալացիները գիտեն հանրահայտ “Idol” նախագծից, որին երգիչը մասնակցել է 2010 թվականին: Ինդի փոփ, ջազ, բոսսանովա և այլ ժանրերում հանդես եկող երգչի ստեղծագործական կյանքի ևս մեկ կարևոր ձեռքբերում է «Եվրատեսիլ»-ը, որն, ըստ նրա, հնարավորություն կընձեռի իրեն հայտնի և լսելի լինել ոչ միայն Պորտուգալիայում, այլև Պորտուգալիայի սահմաններից դուրս:

Մրցութային “Amar Pelos Dois” ( «Սիրել երկուսի փոխարեն») երգի հեղինակը երգչի հարազատ քույրն է՝ Լուիզա Սոբրալը, ով բավականին հաջողված ու հայտնի երգահան է Պորտուգալիայում: Երգի կառուցվածքը բավականին պարզ ու ինքնատիպ է. գործիքավորման մեջ առկա են միայն կենդանի գործիքներ, գերակշռող ու մեծ ազդեցություն ունի սիմֆոնիկ հնչողությունը՝ համեմված բոսանովայի տարրերով: Վերջինիս առկայությունն էլ ստիպում է երգը ասոցացնել Լատինական Ամերիկայի երկրների հետ, քանի որ երաժշտական այդ ուղղվածությունն առավել տարածված է հենց լատինամերիկյան երկրներում: Հատկանշական է, որ գործիքավորման մեջ իսպառ բացակայում է համակարգչային միջամտությունն ու ժամանակակից  տեխնոլոգիական նորարարությունների գործադրումը, ինչով էլ պայմանավորված է այն հանգամանքը, որ շատերը կարծում են, թե երգը հնաոճ է, սակայն հետաքրական է այն, որ Պորտուգալիայում սա ամենատարծված ու հաճախ հանդիպող ուղղվածությունն է, որը հնչում է ամենուր՝ սրճարաններից մինչև հավաքույթներ:

Արտիստի զգացմունքային ու խորաթափանց կատարումն անտարբեր չի թողել եվրոպական  հանրությանը, ընդ որում՝ ոչ միայն «Եվրատեսիլ»-ի երկրպագուների , այլև բազմաթիվ մելոմանների շրջանում: Թերևս, սա է պատճառը, որ, չնայած երգի վերաբերյալ լայն զանգվածների հակասական կարծիքներին, այն իր ամուր դիրքերը պահպանում է բուքմեյքերների լավագույն հնգյակում և հավանական հաղթողներից մեկն է: Կհաջողվի՞ արդյոք վերջին տասնամյակում հաջողություններ չգրանցած Պորտուգալիային գրանցել պատմության մեջ լավագույն արդյունքը, կիմանանք շուտով:

Ի դեպ, մրցույթի առաջին ու երկրորդ փորձերին երգչին կփոխարինի քույրը՝ Լուիզան, իսկ Սալվադորը Կիև կժամանի մայիսի 7-ին: Պատճառը երգչի առողջական վիճակն է:

 

Մեծ Բրիտանիա

2-րդ տարին անընդմեջ Եվրատեսիլյան հնաբնակներից մեկը՝ Միացյալ թագավորությունը, նախընտրեց կազմակերպել ազգային ընտրություն, որտեղ այս տարի հաղթող ճանաչվեց Լուսի Ջոնսը իր “Never Give Up On You” (Երբեք չեմ հանձնվի քեզ) երգով: Լուսին երիտասարդ երգչուհի-դերասանուհի է հարավային Ուելսից, ով Մեծ Բրիտանիայում ճանաչում ձեռք բերեց 2009-ին` մասնակցելով X Factor երաժշտական մրցույթին: Այժմ նա խաղում է տարբեր մյուզիքլներում:
Երգչուհու համար ընտրված օրկ-փոփ ժանրի մեղեդային այս երգի համահեղինակներից է Եվրատեսիլ 2013 մրցույթի հաղթող դանուհի Էմելի դե Ֆորեսթը: Երգչուհու ձայնային տվյալները, բեմական անկեղծությունը և երգի հուզականությունը օգնելու են ավտոմատ կերպով եզրափակիչ անցած Մեծ Բրիտանիային տպավորիչ ելույթ ունենալ, սակայն  մրցակցելը առաջին հորիզոնականների համար քիչ է հավանական:

 

Չեխիա

Շարունական անհաջողություններից և երկարատև դադարից հետո 2 տարի առաջ մրցույթ վերադարձած Չեխիան նախորդ տարի ապացուցեց, որ եզրափակչում իր համար նույնպես կարող է տեղ գտնվել: Թերևս ակնկալիքներն ավելի շատ էին քան արդյունքնրեը, այնուամենայնիվ հաջողությունն ակներև էր: Այս անգամ չեխերի պատվիրակ է ընտրվել Կենտրոնական Եվրոպայում բավական հայտնի ջազ երգչուհի Մարտինա Բարտան: Երգչուհին առհասարակ սիրում է զուգադրել դասականը ժամանակակիցի հետ, նրա համար ընտրված “My Turn” (Իմ հերթը) երգը նույնպես բացառություն չէ: Այն փոփի, սոուլի և ջազի էքսպերիմենտալ համադրություն է: Երգը այլասիրության, փոխաջակցության և մարդկային այլ արժանիքների մասին է: Երգչուհին այն որակում է «անկեղծ երգ»: Թե ինչ հաջողություն կունենա Մարտինայի անկեղծությունը, դժվար է ասել, մինչդեռ եվրատեսիլյան բուքմեյքերները վստահ են, որ Չեխիայի շանսերը ամենաքիչն են այս տարի՝ մրցույթը հաղթելու համար:

 

Մոլդովա

Վերջին տարիների անհաջող արդյունքներից հետո Մոլդովան այս տարի ներկայանում է հին ու փորձված տարբերակով: Այո, բոլոր ժամանակների ամենահիշվող եվրատեսիլյան կերպարներից մեկը դարձած Սաքսաֆոնով տղան կամ Epic SAX guy-ը վերադառնում է SunStroke Project խմբի հետ: Վերջիններս, չնայած Օսլոյում տեղի ունեցած Եվրատեսիլ 2010-ի եզրափակչում գրավեցին ընդամեը 22-րդ տեղը, սակայն նրանց հիշում և սպասում էին բոլորը: Եվրոպական շատ երկրներում տարբեր հաջողություններ գրանցած խումբը պատրաստվում է կրկնել իր հաջողությունը և վերադարձնել իրենց հայրենիքին եզրափակիչ:
Մրցութային «Hey Mama!» երգի թեման շատ հարազատ է մեզ՝ հայերիս համար, չէ որ մենք սիրում ենք կատակել զոքանչների մասին: Տղաները երգում կարծես, փորձում են համոզել, որ միևունույն է նրանք հասնելու են իրենց սիրած աղջկան այնպես որ . «Մայրիկ, այդքան մի՛ զայրացիր» :
Երգն այս տարվա սակավաթիվ ռիթմիկ ստեղծագործություններից է:  Ժամանակակից հնչյուններով, խմբի բրենդային դարձած սաքսոֆոնով և փոխանցվող ուրախ տրամադրությամբ Մոլդովան սպասում է լավ արդյունքի, իսկ մենք՝ անմոռանալի ելույթի: Հաջողություն մաղթենք խմբին և վայելենք նրանք մրցութային երգը:

 

Իսլանդիա

Միացյալ նահանգներում երաժշտական գործունեություն ծավալած 40-ամյա իսլանդացի երգչուհի Սվալան, այս տարի եվրատեսիլյան բեմից կպատմի իր պատմությունը մրցութային «Paper» (Թուղթ) երգի միջոցով:
Երգչուհին դեռ տարվա սկզբից էր համարվում Իսլանդիան մրցույթում ներկայացնելու գլխավոր հավակնորդ: Երկրի ազգային ընտրությանը մասնակցում էին տասնյակ երգիչ-երգչուհիներ՝ յուրահատուկ երգերով, սակայն իսլանդացիները միահամուռ կերպով ընտրեցին Սվալային, ով ստացավ հեռուստադիտողների ձայների  ավելի քան 63 տոկոսը:
Պրեմիերայից անմիջապես հետո, իսլանդական հիթը գրավեց բազմաթիվ եվրոպացիների սրտեր:
Ինչպես երգչուհին է նշում, երգը իր անցած ճանապարհի, ունեցած դժվարությունների և վայրիվերումների մասին է: Երգչուհին վոկալապես ամուր է, պատրաստ՝  կենդանի կատարմանը: Հաջողություն մաղթենք Սվալային, և լսե՛նք վերջինիս «կյանքի պատմությունը»:

 

Չեռնոգորիա

Չեռնոգորիան իր պատվիրակին ընտրել է ներքին ընտրությամբ: Բազմաթիվ քննարկումների արդյունքում որոշվեց երկիրը ներկայացնելու պատվավոր ու դժվարին առաքելությունը հանձնել Սլավկո Կալեզիչին: Էքստրաօրդինար և էպատաժային արտիստի անունը շատերին է ծանոթ ոչ միայն Չեռնոգորիայում, այլև նախկին Հարավսլավիայի երկրներում: Դերասանական կրթություն ստացած ու չեռնոգորական թատրոններում բազմաթիվ դերեր կերտած Սլավկոյին լայն հանրությունը ճանաչեց X Factor Adria նախագծի շրջանակներում: Սլավկոյի պրոդյուսերը «Եվրատեսիլ»-ի երկրպագուներին հայտնի Ժելկո Յոկսիմովիչն է, ով ներկայացրել է Սերբիա և Չեռնոգորիան 2004 թվականին ( 2-րդ հորիզոնական), Սերբիան 2012 թվականին ( երրորդ հորիզոնական), ինչպես նաև մրցույթում ներկայացված շատ  երգերի հեղինակ է   (Բոսնիա և Հերցեգովինա,2006 թվական, Սերբիա, 2008 թվական, Չեռնոգորիա,2015 թվական):

Երգող դերասանը ( ինչպես ինքն է իրեն կոչում) մրցույթում հանդես կգա Մոմչիլ Զեմկովիչի “Space” (Տարածություն) երգով: Երգը բովանդակային ու կառուցվածքային առումով իրենից ներկայացնում է 90-ականներին բնորոշ ակումբային Europop ու Eurodance ժանրերի համադրություն: Կարծեք թե Զեմկովիչը երգը գրելիս ոգեշնչվել է մի շարք հայտնի երգիչների ու խմբերի ստեղծագործություններից: Մասնավորապես՝ շվեդական հայտնի Alcazar ու Army of Lovers խմբերի ազդեցությունն առավել քան նկատելի ու լսելի է: Կերպարային առումով Սլավկոն հիշեցնում է ուկրաինական Kazaky խմբին: Չնայած վերոնշյալ գործոններին, կարող ենք փաստել, որ, այնուամենայնիվ, Սլավկոն ունի իր ինքնատիպությունն ու մատուցման ձևը: Թեև եզրափակիչ անցնելու շանսերն, ըստ կանխատեսումների, այդքան էլ մեծ չեն, բայց, ըստ արտիստի, նա դեռ կզարմացնի շատերին մայիսյան ելույթի ժամանակ:

Ուշագրավ փաստ. Սլավկոն մամուլի ուշադրությունը գրավել է դեռ վաղուց, երբ վեց ամիս սիրային հարաբերությունների մեջ է եղել 2007 թվականի հաղթող Մարիա Շերիֆովիչի հետ:

 

Գրախոսներ՝ Ալեն Ավագյան, Հայկ Խաչատրյան, Հմայակ Ավետիսյան

Խմբագիր` Բագրատ Թովմասյան, Խաչատուր Թովմասյան

Պատկերազարդում՝ Խաչատուր Թովմասյան, Մաքս Դրևալ(Max Dreval)

 

Շաբաթվա վեցնյակը իսկապես գունեղ էր։ Մինչ դուք վայելում եք երգրեն ու տոնում բազբազանությունը, շտապենք նշել, որ շատ շուտով կվերադառնանք և կծանոթանանք ևս 6 մասնակցի: Չմոռանանք տպավորություններով կիսվել մեզ հետ:

  • Share this post:
  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
Eurovision, OGAE, Video|19/04/2017 7:21 AM