Եվրատեսիլ 2017․ Կիպրոս, Իսպանիա, Սերբիա, Սան Մարինո, Լատվիա և Ֆինլանդիա

By

OGAE Հայաստանը կրկին վերադարձել է օգնելու Ձեզ ծանոթանալ Եվրատեսիլ 2017-ի բոլոր մասնակիցների և նրանց մրցութային երգերի հետ: Այս պահին Կիևում պատրաստվում են դիմավորել 42 մասնակից երկրների պատվիրակություններին, իսկ մինչ Եվրատեսիլյան բուն փորձերի սկսելը, մենք կհասցնենք ծանոթանալ ևս 6 մասնակից երկրների ներկայացրած երգերին և արտիստներին:

Կիպրոս

Եվրատեսիլի պատմության մեջ առաջին անգամ մրցույթում կպայքարեն միանգամից երկու հայեր: Արծվիկից բացի հայերիս կներկայացնի նաև Հովիգը, սակայն Կիպրոսի դրոշի ներքո: Հովիգ Դեմիրճյանը երիտասարդ երգիչ է, ով ծնվել է Կիպրոսում և մեծ հայտնիություն ձեռք բերել այնտեղ՝ հունական X Factor-ին մասնակցելուց հետո: Երգիչը նախկինում երկու անգամ փորձել է իր ուժերը Կիպրոսի նախընտրական փուլին, սակայն հասնելով եզրափակիչ՝ անհաջողություններ է գրանցել: Մինչդեռ այս տարի Կիպրոսի հանրային հեռուստաընկերությունը արդեն ներքին ընտրությամբ որոշեց Եվրատեսիլ ուղարկել խոստումնալից երգչին: Ունենալով ջազզ կրթություն՝ Հովիգը հիմնականում հանդես է գալիս փոփ ժանրում. բացառություն չէ նաև Եվրատեսիլը: Նրա համար գրված “Gravity («Ձգողականություն») երգը աչքի է ընկնում իր ժամանակակից և թարմ հնչողությամբ, ռիթմիկ տարրերով և ձգող երաժշտությամբ: Երգի հեղինակը տիտղոսակիր և մեծ ճանաչում ունեցող Thomas G:son-ն է, ում գրած երգն էլ՝ “Euphoria”-ն 2012թ-ին օգնեց շվեդ երգչուհի Լորինին ոչ միայն հաղթել Եվրատեսիլը և գրավել եվրոպացիների սրտերը, այլև դառնալ եվրատեսիլյան պատմության ամենահայտնի հաղթողնեից մեկը:

 

Իսպանիա

Իսպանիայի պատվիրակը մրցույթում այս տարի 21 ամյա Մանել Նավարոն է:
Մանելը դեռ վաղ մանկուց հետաքրքրվել է երաժշտությամբ: Ինչպես ինքն է նշում՝ «Երբեք չեմ բաժանվել իմ սիրելի կիթառից»: Նրա ստեղծագործական գործունեության վրա անմիջական ազդեցություն են գործել Rolling Stones-ը, Hozier-ը, Ed Sheeran-ը և այլք:
Նախընտական փուլի արգելապատնեշը, սակայն, երգիչն այդքան էլ հեշտությամբ չկարողացավ հաղթահարել: Ժյուրիի շնորհած ընդամենը 1 միավորով Մանելը կարողացավ առաջ անցնել նախընրական փուլի հիմնական ֆավորիտ, արդեն 7 անգամ Իսպանիայի նախընտրական փուլին մասնակցած և այս տարվա հեռուստաքվեարկության առաջատար Միրելայից:
Երգը, որով հանդես կգա երգիչը կոչվում է “Do It For Your Lover” («Արա այն քո սիրեցյալի համար»): Այն փոփ և թրոփիկ-հաուս ժանրերի համադրություն է:
Երգիչը միանգամից ելույթ կունենա եզրափակիչում, քանի որ, ինչպես գիտեք Իսպանիան մեծ հնգյակի երկրներից մեկն է, և ամեն տարի վերջինիս ներկայացուցիչը իրավունք է ստանում միանգամից մրցել եզրափակչում: Չնայած Մանելն արդեն եզրափակչում է, միևնույն է ըստ տարատեսակ կանխատեսումների Իսպանիան այս տարվա վերջին հորիզոնականի գլխավոր հավակնորդներից է:

 

Սերբիա

Չնայած տարիներ են անցել Սերբիայի եվրատեսիլյան հաղթանակից, միևնույն է սերբերը շարունակում են մնալ մրցույթի ամենամեծ երկրպագուներից մեկը: Երկրի համար արդեն ավանդական դարձած ներքին ընտրությունը շարունակվեց նաև այս տարի, և դեռ ամիսներ առաջ պարզ դարձավ, որ Սերբիայի պատվիրակն այս տարի համաեվրոպական երգի մրցույթում կլինի փոփ-երգչուհի Տիյանա Բոգիչևիչը: Վերջինս իր հայրենիքում տաղանդավոր բեք-վոկալիստուհու համբավ է վայելում, իսկ 2011թ-ին հենց այդ կարգավիճակով հասցրել է արդեն լինել նաև եվրատեսիլյան բեմում: Դեռ տարիներ առաջ Տիյանան խոստովանել էր, որ երազում է ներկայանալ Եվրատեսիլում որպես սոլո արտիստ: Ինչպես գիտենք, եվրատեսիլում երազանքներն իրակականում են, և ահա Տիյանան Եվրատեսիլում: Նրա համար ընտրված In Too Deep(«Շատ խորը») մրցութային երգը, ըստ երգչուհու յուրահատուկ և տարբերվող է Սերբիայի համար: Կհաջողվի՞ արդյոք այս «ռադիոհիթ»-ի կենդանի կատարմամբ տպավորել եվրոպացիներին, պարզ կլինի հաշված օրերից, իսկ մինչ այդ վայելենք երգի էմոցիոնալ տեսահոլովակը:

 

Սան Մարինո

Բազմաթիվ եվրատեսիլյան երկրպագուների համար Վալենտինա Մոնետտա անունն արդեն դարձել է կենդանի լեգենդ: Երգչուհին ներկայացրել է Սան Մարինոն երեք անգամ, սակայն այդ երեք փորձերից միայն մեկն ավարտել երկրի համար մեծ հաջողությամբ՝ անցնելով մրցույթի եզրափակիչ: Շատերի հարցին թե արդյոք Սան Մարինոյում այլ երգիչներ չկան Վալենտինան պատասխանում է, որ վերադարձել է իր երկրպագուներին ուրախացնելու և դրական լիցքեր փոխանցելու համար:
Վերջին երկու տարվա Սան Մարինոյի ձախողումներից հետո Մոնետտան որոշել է վերադառնալ ոչ միայնակ: Այս տարի նա դուետով կներկայանա ամերիկացի երգիչ Ջիմի Ուիլսոնի հետ՝ կատարելով “Spirit Of The Night” («Գիշերվա Ոգին») ստեղծագործությունը: Երգը միանգամայն տարբերվում է երգչուհու նախորդ տարիների մրցութային երգերից: Այն հենց առաջին հնչյուններից հիշեցնում է 90-ականների դիսկո երաժշտությունը: Շատերի կարծիքով 2017 թվականին, եվրոպական ամենամեծ երգի մրցույթին մասնակցելով 90-ականներն հիշեցնող երգով դժվար թե հաջողություն բերի երկիրը ներկայացնող արտիստներին: Մի բան հստակ է. Վալենտինային մեծ աջակցություն է հարկավոր, որպեսզի ևս մեկ անգամ չհիսթափեցնի թե՛ իր երկրպագուներին, թե՛ Սան Մարինոյին, և ինչու ոչ Ջիմիին:

 

Լատվիա

Լատվիան այս տարի կներկայացնի բալթյան երկրներում ամենակայացած և հայտնի խմբերից մեկը՝ Triana Park փոփ-ռոք խումբը: Խմբի անդամներն են՝ Ագնեսա Ռակովսկան (վոկալ), Արթուրս Սթրաուտինիշը (կիթառահար), Էդգարս Վիլյումսը (հարվածային գործիքներ) և Քրիստապս Էրգլիսը (բասս-կիթառ):
Խումբը հանդես է գալիս ոճային մի շարք առանձնահատկություններով. այն հիմնականում իրենից ներկայացնում է երաժշտական մի քանի ժանրերի համադրություն՝ հագեցած ռոք, փանկ, սոուլ և հիփ-հոփ տարրերով:
Լատվիան Եվրատեսիլում ներկայացնելու մի քանի անհաջող փորձերից հետո, խումբը այս տարի վերադարձավ երկրի նախընտրական փուլ “Line” («Գիծ») երգով: Պայքարը նախընտրական փուլում թեժ չէր, Triana Park-ը հաղթողի գլխավոր հավակնորդն էր:
Ինչպես ներկայացնում են խմբի անդամները, երգը ֆուտուրիստական ուղղվածություն ունի: Այն նախ և առաջ սիրո տարբեր դրսևորումների մասին է: Ինչ-որ առումով նաև քննադատական երանգներ է պարունակում՝ ուղղված տարբեր բացասական երևույթների դեմ, ինչպիսիք են՝ ահաբեկչությունները, քաղաքական սպանությունները և այլն:

Կգնահատի՞ արդյոք Եվրոպան փանք և փոփ-ռոք ժանրերի յուրահատուկ համադրությունը, թե՞ ոչ: Կիմանանք շատ շուտով: Բուքմեյքերները, համենայն դեպս, չեն հուսադրում խմբի երկրպագուներին:

 

Ֆինլանդիա

2017թ-ին Ֆինլանդիան կմասնակցի Եվրատեսիլին արդեն 51-րդ անգամ: Չնայած մասնակցությունների մեծ թվին՝ սկանդինավցիները շարունակում են ներկայանալ էքսպերիմենտներով և այս տարի մրցույթ են ուղարկում Norma John ինդի-փոփ խմբին: Խումբը բաղկացած է «երկնային» ձայն ունեցող մի երգչուհուց և տաղանդավոր դաշնակահարից, ովքեր արդեն 15 տարի հանդես են գալիս միասին՝ ներկայացնելով իրենց իսկ գրած մեղեդիկ երաժշտությունը: “Blackbird” («Սև կեռնեխ») երգում երգչուհին խնդրում է թռչունից չերգել՝ տխուր հիշողություններ չպատճառելու համար: Ազգային ընտրությանը խմբի զգայուն կատարումը չուներ իր հավասարը, իսկ թե ինչպես կդիմակայի այն այս տարվա բուռն մրցակցությանն ու էքսպերիմենտների պայքարին, դժվար է կանխագուշակել:

 

Գրախոսներ՝ Բագրատ Թովմասյան, Ալեն Ավագյան, Հայկ Խաչատրյան

Խմբագիր` Բագրատ Թովմասյան, Խաչատուր Թովմասյան

Պատկերազարդում՝ Խաչատուր, Թովմասյան, Մաքս Դրևալ(Max Dreval)

 

Իսկ ինչպե՞ս կգնահատեք այս անգամվա 6 երկների շանսերը համաեվրոպական երգի գալիք մրցությում։ Արդյո՞ք նրանք հավակնում են հաղթանակի և արդյո՞ք 2018 թվականին Եվրատեսիլը կանցկացվի այս երկներից որևիցե մեկում։

  • Share this post:
  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
Eurovision, OGAE, Video|16.04.2017 12:00 pm