Եվրատեսիլ 2017․ Իտալիա, Շվեդիա, Նիդեռլանդներ, Ադրբեջան, Խորվաթիա, Բուլղարիա,

By

Սիրելի Եվրատեսիլի երկրպագուներ, սիրով շարունակում ենք ձեզ ներկայացնել այս տարվա Եվրատեսիլի մասնակիցներին։ Այս անգամ Իտալիայի, Շվեդիայի, Նիդեռլանդների, Ադրբեջանի, Խորվաթիաի և Բուլղարիաի մասնակիցների հերթն է։

Իտալիա

Համշխարհային ճանաչում ունեցող «Սան Ռեմո» մրցույթը վերջին տարիներին նաև գրավել է եվրատեսիլյան երկրպագուների ուշադրությունը: Բանն այն է, որ Իտալիան իր մասնակցին ընտրում է հենց այդ մրցույթի միջոցով: Այս տարի «Սան Ռեմո»-ի ժամեր տևող եզրափակչում հաղթանակ տարավ ըստ բուքմեյքերների այս տարվա եվրատեսիլի ամենահավանական հաղթող Ֆրանչեսկո Գաբբանին իր “Occidentali’s karma” յուրօրինակ և չկրկնվող երգով:
Երգի ստեղծման հիմքում ընկած է բրիտանացի կենդանագետ Դեսմոնդ Մորրիսի «Մերկ կապիկ» գիրքը , իսկ գորիլան ներկայացված էր ինչպես «Սան Ռեմո»-ի եզրափակչում այնպես էլ տեսահոլովակում, որը հասցրել է գերազանցել 50 մլն դիտումը: Երգի տեքստում հիմնականում ներկայացվում ու ինչ-որ տեղ հեգնանքի է արժանանում ժամանակակից արևմտյան հանրությունն՝ իր տենդենցներով ու թրենդներով, «սելֆի մշակույթն» ու արևելյան մշակույթի մի շարք առանձնահատկությունները: Երգչի խռպոտ տեմբրը, խարիզմատիկ կերպարն ու երգի դրական էներգետիկան անտարբեր չթողեց եվրոպական հանրությանը: Լսեք, և կիսվեք ձեր կարծիքով: Արդյո՞ք կկարողանա Ֆրանչեսկոն գորիլայի օգնությամբ երկար սպասված հաղթանակը բերել մեծ 5-յակի կազմում գտնվող Իտալիային:

 

Շվեդիա

«Շվեդական ամենաերկար փարթի» անվանումը ստացած ազգային ընտրությունը՝ Մելոդիֆեստիվալենը, 6 շաբաթյա պայքարից հետո ավարտվեց Ռոբին Բենգթսոնի և նրա «I Can’t Go On» երգի հաղթանակով: Մինչև ներկայացուցիչ երգի պարզելը, Շվեդիային բուքմեյքերները ամուր պահում էին թոփ 5-ի մեջ, իսկ երգի ներկայացումից հետո շանսերը մեծացան և Շվեդիան բարձրացավ 2-3 հորիզոնականով՝ ամրապնդվելով թոփ 3-ում։ Երգը բավականին գրավող է, ունի հիշվող կրկներգ, ելույթի ընթացքում կիրառվում էին վազքուղիներ, որոնք կլինեն նաև Եվրատեսիլի բեմում, իհարկե զգացվում է պրոդյուսերական հսկայական աշխատանքը: Էլ ի՞նչ է պետք Եվրատեսիլում հաջողության հասնելու համար: Կարծես թե շվեդները գտել են հաջողության բանալին: 2011-ից այս կողմ նրանք եղել են թոփ եռյակում երեք անգամ և հաղթել Եվրատեսիլը երկու անգամ:
Նշենք, որ Մելոդիֆեստիվալենը ոչ միայն շվեդների այլև բազմաթիվ այլ եվրատեսիլյան երկրպագուների կողմից ամենաքննարկվող և ամենասիրված ազգային ընտրությունն է: Ի դեպ, մրցույթում ներգրավված է նաև միջազգային ժյուրի, և արդեն երկրորդ տարին է ինչ Հայաստանը նույնպես օգնում է վերջիններիս գտնել սեփական երկիրը լավագույնս ներկայացնող մասնակցին:

 

Նիդեռլանդներ

Լիզան, Էմին և Շելին եվրատեսիլի երկրպագուներին ծանոթ են դեռ մանկական եվրատեսիլից: Քույրերը ուղիղ 10 տարի առաջ Ռոտերդամում կայացած մրցույթի մանկական տարբերակում փայլեցին իրենց ներկայացրած յուրահատուկ համարով: Անցել է տասը տարի. փոխվել է թե՛ նրանց տեսքը, թե՛ ձայնային տվյալները, թե՛ խմբի անունը (OG3NE) , թե՛ երգի թեման որով նրանք կներկայանան այս տարվա մրցույթին: Խմբի երգն ու աղջիկների ձայները նման են ամերիկյան “Little Mix” խմբի աղջիկների ձայներին և նրանց երգերի ոճին:
«Lights and Shadows» (Լույսեր և ստվերներ) երգը գրվել է երգչուհիների հոր կողմից, և վերջիններիս խոսքով այն կոչ է ուժեղ մնալու և ցանկացած դժվարություն հաղթահարելու: Երգի հանդեպ հետաքրքրութունը ավելացավ հատկապես, երբ հայտարավեց, որ այն գրվել է քույրերի քաղցկեղով հիվանդ մոր համար: Ինչևէ, դուրս մղելով ստվերները մեր կյանքից և լցնելով այն միայն լույսերով, մաղթենք հաջողություն քույրերին:

 

Ադրբեջան

Դեռ նախորդ տարվա դեկտեմբերին Ադրբեջանի ազգային հեռարձակողը հայտարարեց իրենց մասնակցի անունը՝ Դիանա Հաջիյեվա (Dihaj):
Նա իր մրցութային երգը՝ «Skeletons»-ը կկատարի մայիսի 9-ին՝ առաջին կիսաեզրափակչի ընթացքում, փորձելով պահպանել երկրի գրանցած հաջողությունները: Ադրբեջանը այն սակավաթիվ երկրներից է, որ երբեք դուրս չի մնացել կիսաեզրափակչից:
Ինչպես մնացած տարիներին, այս տարի ևս Ադբեջանի երգը հեղինակելու պարտականությունը դրվել է շվեդ կոմպոզիտորների վրա,իսկ երգի երաժշտության հեղինակը՝ Սանդրա Բյուրմանը Ադրբեջանին հաղթական «Running Scared» ստեղծագործության համահեղինակներից է:
“Skeletons”-ը, միանշանակ, տարվա ամենահետաքրքիր ու նորաձև հնչողություն ունեցող ստեղծագործություններից է: Թեև երգն ունի բարդ կառուցվածք և երգչուհուց ակնկալում են վոկալային անթերի կատարում, ամեն դեպքում տարբեր արձգանքներից կարելի է ենթադրել, որ այս տարի Ադրբեջանը կհաղթահարի նախորդ երեք տարիների «պատնեշն» ու իր տեղը «կամրագրի» լավագույն տասնյակում:

 

Խորվաթիա

Խորվաթական “Ձայնը” նախագծի մարզիչ Ժակ Հուդեկը տարիներ շարունակ Եվրատեսիլում իր երկիրը ներկայացնելու ամենահավանական թեկնածունեից է եղել: Վերջինս վեց անգամ մասնակցել է ազգային ընտրություններին, սակայն ընդամենը մեկ անգամ մոտ եղել հաղթանակին՝ գրավելով երկրորդ տեղը: Այս տարի ինչպես Ժակի, այնպես էլ շատ Եվրատեսիլյան երկրպագուների երազանքը իրականություն դարձրեց խորվաթական HRT հեռուստաընկերությունը՝ հայտարարելով նրա անունը որպես երկրի ներկայացուցիչ գալիք մրցույթում:
Երգիչը կկատարի «My Friend» (Իմ ընկեր) ստեղծագործությունը: Երգը ամբողջովին չի պատկանում ինչ-որ ժանրի: Երգի հեղինակները փորձել են 3 րոպեում ցույց տալ առավելագույնը ինչ կարող է անել Ժակը: Շատերն այն անվանում են «խառնաշփոթ երգ», մյուսներին էլ թվում է թե երգը դուետ է: Ի դեպ երգիչը փորձեց նաև մեծ ֆլեշ-մոբ անել, օգտագործելով #bemyfriend (դարձիր իմ ընկերը) հեշթեգը, սակայն նրան միացան միայն մի քանի կոլեգաներ և վերջ. Երգչի սպասելիքները չարդարացան: Իսկ արդյո՞ք կարդարանան ձեր սպասելիքները, լսեք երգը, կիսվեք ձեր կարծիքներով մեկնաբանություններում:

 

Բուլղարիա

Բուլղարիան երկար տարիների ձախողումներից հետո, նախորդ տարի վերջապես գրանցեց իրենց եվրատեսիլյան պատմության լավագույն ցուցանիշը՝ 4-րդ հորիզոնական: Հաշվի առնելով այս փաստը, սպասելիքները Բուլղարիայից այս տարի մեծ էին: Սպասելիքներն արդարացան թե ոչ, ականատես կլինենք մայիսին, իսկ մինչ այդ նշենք, որ երգիչը կլինի եվրատեսիլյան բեմում առաջին կատարողը, ով ծնվել է 21–րդ դարի շեմին: 17-ամյա Քրիստիան Կոստովը կկատարի «Beautiful Mess» երգը: Քրիստիանը մինչ այս մեծ հաջողություններ է գրանցել Ռուսաստանի «Մանկական Ձայնը» և Բուլղարական «X Factor» նախագծերում: Երգչի խոսքով էլ երգի բառերը արտացոլում են ոչ թե սիրո միայն ռոմանտիկ կողմը այլ սեր բառի մեջ եղած ընկերական կապն ու մարդասիրությունը:

 

Գրախոսներ՝ Նարեկ Պետրոսյան, Բագրատ Թովմասյան, Ալեն Ավագյան

Խմբագիր՝ Դավիթ Ադամյան

Պատկերազարդում՝ Մաքս Դրևալ(Max Dreval)

 

Իսկ այս անգամվա երգերից որն եք նախընտրում և հատկապես ի՞նչի համար։ Կիսվեք մեր հետ ձեր տպավորություններով և կհանդիպենք հաջորդ շաբաթ ներկայացնելու ևս 6 մասնակից երկներ։

  • Share this post:
  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
Eurovision|22.03.2017 10:04 pm