Եվրատեսիլ 2017․ Իսրայել, Լեհաստան, Հունգարիա, Ուկրաինա, Սլովենիա և Նորվեգիա

By

Եվրատեսիլին հաշված օրեր են մնացել, ուստի OGAE Հայաստանը չկորցնելով պահը շարունակում է ներկայացնել այս տարվա բոլոր մասնակիցներին: Այս շաբաթ կծանոթանաք ևս վեց միմյանցից տարբեր, յուրօրինակ և էպատաժայաին արտիստների: Ընտրեք ձեր ֆավորիտներին և հետեվեք նրանց գրանցած հաջողություններին Կիևում:

 

Իսրայել

Երիտասարդ ու խարիզմատիկ երգիչ Իմրի Զիվը կներկայացնի Իսրայելը: Արվեստագետների ընտանիքում մեծացած 25-ամյա երգչը խոստովանում է, որ ունեցել է ծանր մանկություն, հաճախ է ծաղրանքի ենթարկվել դպրոցում և դժվարությունները հաղթահարելու համար իրեն օգնել է հենց երաժշտությունը: 11 տարեկանում նա սկսել է զգալ հետաքրքրություն երաժշտության նկատմամբ: Նրա ստեղծագործական գործունեության առաջին հաջողությունը գրանցվեց 2012 թվականին, երբ երգիչը մասնակցեց Իսրայելական Voice-ին և հաղթահարեց շատ փուլեր: Իմրին որպես բեկ վոկալիստ ընդգրկված էր Իսրայելի պատվիրակության կազմում 2015 և 2016 թվականներին: Այս տարի նա մասնակցեց The Next Star շոուին և հաղթեց:
Իմրիի համար գրվեց “I Fell Alive” («Ես Ողջ Եմ Զգում») ստեղծագործությունը: Երգը փոփ դենս ստեղծագործություն է: Երաժշտական նման ուղղվածությունն առավել տարածված է ակումբներում: Շատերի կարծիքով՝ այն այս տարվա ամռան հիթերից կդառնա: Իսկ թե ինչ հաջողություն այն կգրանցի Եվրատեսիլում, դեռ դժվար է ասել:

 

Լեհաստան

Վերջին տարիներին հեռուստաքվեարկությամբ ամենաբարձր ձայներ ստացող երկրներից մեկը՝ Լեհաստանը, այս տարի ներկայացնելու է երգչուհի և երգահան Կասիա Մոշը: Մասնակցելով երաժշտական տարբեր մրցույթների՝ նա միայն վերջերս է ճանաչում ձեռք բերել իր հայրենիքում և նախորդ տարի նույնիսկ առաջարկ է ստացել լինել լեհական Playboy ամսագրի շապիկին: Նախկին երկու ձախողած փորձերից հետո այս տարի մասնակցելով լեհական ազգային ընտրությանը՝ երգչուհուն վերջապես հաջողվեց նվաճել եվրատեսիլյան ուղեգիրը: Կասիան հանդես է գալու Flashlight” («Լապտեր») երգով: Ստեղծագործությունը գրված է էլեկտրոփոփ ժանրում և հատկապես աչքի է ընկնում իր հաղորդած խորհրդավոր տրամադրությամբ, որն ապահովում են երգի՝ փոխաբերական երանգներ ունեցող բառերը և դրամատիկ «մուգ» երաժշտությունը: Տաղանդավոր և հմայիչ երգչուհին ունի բավական հզոր ձայն և ուրույն կերպար: Կարծես ամեն ինչ կա աշխարհին և հատկապես եվրոպացիներին տպավորելու համար: Չնայած դարկփոփ ժանրի երգերը Եվրատեսիլի ամենահաջողակներից են, այնուամենայնիվ այս տարի Լեհաստանի շանսերը բուքմեյքերների կողմից շատ ցածր են գնահատվում:

 

Հունգարիա

Եվրատեսիլ 2017-ի երաժշտական բազմազանությունը ապահովող ամենավառ և ամենատարբերվող կատարումն անկասկած Հունգարիայինն է լինելու: Երկիրն այս տարի ներկայացնելու է ծագումով գնչու երգիչ, ռեփեր և կիթառահար Յոսի Պապայը, ում բեմ հասնելու ճանապարհը բավականին փշոտ է եղել: Աղքատ ընտանիքից ծագող երգիչը, ով նաև երկար տարիներ բասկետբոլով է զբաղվել, ստիպված էր պայքարել երաժշտական տարբեր մրցույթներում՝ Հունգարիայում հայտնիություն ձեռք բերելու համար: Պայքարներից հերթականն էլ եղավ այս տարի Հունգարիայի ազգային ընտրության ժամանակ, որտեղ նա ներկայացրեց իր իսկ հեղինակած Origo” («Ծագում») երգը, որն իսկական գնչուական երաժշտության և ժամանակակից փոփի խառնուրդ է, և ինչպես երգիչն է նշում, այն հարյուր տոկոսով բնութագրում է իրեն, իր անցած ճանապարհն ու երաժշտական ճաշակը: Այս յուրօրինակ համակցությանը էլ ավելի մեծ բազմազանություն են հաղորդում հունգարերենն ու գնչուերենը, որոնցով էլ գրված են երգի բառերը:
Բազմիցս խոսելով իր արմատներից և հաղթահարած փորձություններից երգիչը հպարտորեն նշում է, որ ինքը առաջին գնչուն է, ով Եվրատեսիլում ներկայացնելու է Հունգարիան և շատ ուրախ է իր թիկունքում հազարավոր մարդկանց ունենալ: Բուքմեյքերները մինչդեռ, կատարման նկատմամբ հստակ դիրքորոշում դեռևս չունեն: Երգը նրանց ցուցակներում պարբերաբար տարբեր հորիզոնականներում է հայտնվում՝ դարձնելով Հունգարիան այս տարվա ամենաանկանխատեսելի երկրներից մեկը:

 

Ուկրաինա

Այն որ եվրատեսիլյան հերթական տարին մարտահրավերներով լի է հյուրընկալ Ուկրաինայի համար, անհերքերլի փաստ է:
Չնայած լարված կազմակերպչական աշխատանքները շատ էին, այնուամենայնիվ Ուկրաինան գտավ ժամանակ ընտրելու Եվրատեսիլ 2017-ի իրենց պատվիրակներին:
Մասնակցին ընտրելու համար, այս տարի ևս կազմակերպվեց ազգային ընտրություն: Ուկրաինական նախընտրական փուլի պրոֆեսիոնալ ժյուրիի կազմում էին՝ Անդրեյ Դանիլկոն (Վերկա Սերդուչկա), Ջամալան և Կոնստանտին Մելաձեն: Հաղթողին պարզելու համար վերջիններիս ձայներին գումարվում էր նաև հեռուստադիտողի ձայները:
Ազգային ընտրության եզրափակչում չհաղթելով ո՛չ ժյուրրի, ո՛չ էլ հեռուստադիտողի քվեարկությամբ. ձայների ընդհանուր հաշվարկով առաջին տեղը զբաղեցրեց O.Torvald ալտերնատիվ ռոք խումբը: Խմբի Time” («Ժամանակ») երգը ալտերնատիվ մետալ ժանրի ստեղծագործություն է, ունի ռոքին բնորոշ տպավորիչ կրկներգ և գործիքավորում:
Թերևս քիչ չեն ռոք խմբերի հաջողությունները Եվրատեսիլում, միևնույն է այն շատերի կողմից ընկալվում է որպես փոփ-մրցույթ և համապատասխանաբար Ուկրաինայի այս քայլը որակվում է ռիսկային: Չնայած այս ամենին իրենց երկրում վերջին տարիներին մեծ մասսայականություն վայելող խմբի անդամները վստահ են, որ ինչպես երգում է նշվում. «It’s our time to shine» (Սա մեր շողալու ժամանակն է): Կհաջողվի թե ոչ հյուրընկալի կարգավիճակ ունեցող այս խմբին շողալ միջազգային մրցույթում, պարզ կլինի մայիսի 13-ին՝ եզրափակչում: Հատկանշական է, որ տղաները մարտական են տրամադրված, և ինչպես իրենք են փաստում, պայքարելու են երազանքներին հասնելու համար:

 

Սլովենիա

Սլովենիան մրցույթում կներկայացնի Օմար Նաբերը, ով Եվրատեսիլի երկրպագուներին հայտնի է 2005 թվականին իր մասնակցությամբ: Այն ժամանակ որևէ հաջողության չհասնելով՝ Օմարը 12 տարի անց որոշում է վերադառնալ և մասնակցում է Սլովենիայի նախընտրական փուլին, որն էլ հեշտությամբ հաղթում է: 27 երկրում համերգներ ունեցած երգիչը վստահ է, որ այս անգամ իր երգն իրեն հաջողություն կբերի:
Հատկանշանական է, որ մրցութային “On my way” («Իմ Ճանապարհին») ստեղծագործությունը երգիչը գրել է 10 տարի առաջ, սակայն որոշեց այն ձայնագրել ու հրապարակել միայն վերջերս, երբ զգաց, որ միայնակ ու մոլորված է: Երգը մեղեդային փոփ բալլադ է՝ համեմված սիմֆոնիկ որոշ տարրերով: Ցավոք, բուքմեյքերներն ու փորձագետները կարծում են, որ 2005 թվականի պատմությունը կկրկնվի և Օմարը չի անցնի եզրափակիչ փուլ:

 

Նորվեգիա

Յոաքիմ Վիթ Սթեն կամ պարզապես JOWST և Ալեքսանդր Վոլմանն. Նորվեգիայի ներկայացուցիչները: Վաղ մանկուց փանք ռոքով հետաքրքրվող Յոաքիմն իր առջև նպատակ դրեց և որոշեց դառնալ հայտնի երաժիշտ: Տարիներ անց նպատակն իրագործվեց և այժմ նա հաջողակ երաժիշտ, պրոդյուսեր և հնչյունային ռեժիսոր է, ունի սեփական ձայնագրման ստուդիան (Red Line Studio), համագործակցում է նորվեգացի և համաշխարհային հայտնի երգիչ-երգչուհիների հետ:
Զուգերգը հատուկ ստեղծվել է Նորվեգիայի նախընտրական փուլին մասնակցելու համար, ինչին հաջորդեց իրենց համար անկանխատեսելի հաղթանակը: Մրցութային երգը կրում է “Grab the moment” («Գրավի՛ր Պահը») անվանումը: Այն ունի ժամանակակից հնչողություն, փանք և էլեկտրոնային երաժշտության խառնուրդ է: Նորվեգիայի The Voice-ին մասնակցած և մինչև եզրափակիչ փուլ հասած Ալեքսանդրի բնորոշմամբ՝ երգն ստեղծվէլ է մարդկանց մոտիվացնելու և ներշնչանքի աղբյուր դառնալու համար: Նա վստահ է՝ ստեղծագործությունը կօգնի մարդկանց հաղթահարել իրենց վախերն ու անել այն, ինչ նախկինում ուզում, բայց չէին համարձակվում անել մարդիկ:
Թեև երգի վերաբերյալ կարծիքները հակասական են, սակայն, որոշ փորձագետների խոսքով՝ նորվեգական դուետն այս տարվա «սև ձիերից» է:

 

Գրախոսներ՝ Ալեն Ավագյան, Հայկ Խաչատրյան

Խմբագիր` Բագրատ Թովմասյան, Խաչատուր Թովմասյան

Պատկերազարդում՝ Խաչատուր Թովմասյան, Մաքս Դրևալ(Max Dreval)

 

Սպասում ենք ներկայացված մասնակիցների մասին ձեր տպավորություններին։ Որո՞նց կառանձնացնեք որպես ձեր ֆավորիտներ: Նախավերջին վեցնյակից ու՞մ եք տեսնում եզրափակչում։

  • Share this post:
  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
Eurovision, OGAE, Video|29.04.2017 3:00 pm