Եվրատեսիլ 2017․ Ալբանիա, Բելգիա, Գերմանիա, Դանիա, Հունաստան, Վրաստան

By

Այս տարի, ինչպես և նախորդ տարիներին, ՕԳԱԵ Հայաստանը որոշել է ծանոթացնել ձեզ Եվրատեսիլ 2017-ի մասնակիցներին, նրանց երգերի ընտրությանը և ընդհանրապես ինչպես է անցնում եվրատեսիլյան թոհուբոհը այլ մասնակից երկրներում։ Այս անգամ կանդրադառնանք 6 երկների՝ Ալբանիայի, Բելգիայի, Գերմանիայի, Դանիայի, Հունաստանի և Վրաստանի մասնակիցներին։

Ալբանիա

Ալբանիան, ինչպես նախկինում, այս տարի նույնպես, իր մասնակցին ընտրեց հայտնի Festivali i Këngës փառատոնի միջոցով, որտեղ ներկայացված էին միմիայն ալբաներեն երգեր: Ամերիկաբնակ կոսովացի երգչուհի Լինդիտան, որն անչափ խարիզմատիկ երգչուհի է, խորը ձայնով և հոյակապ դիապազոնով, դեռ նախորդ տարվա դեկտեմբերին վաստակեց իր երկիրը համաեվրոպական մրցույթում ներկայացնելու հնարավորությունը “World” երգով, այսպիսով սկիզբն ազդարարելով այն տասնյակ բալլադներ, որոնք ունենք այս տարի: Չնայած երգն ունի հետաքրքիր կառուցված,  զարգացում, և մեր՝ երկրպագուներիս կողմից ամենասիրելի կուլմինացիան՝ երկար նոտայով, այն բավական դրամատիկ է, ոչ այնքան մեղեդային, սակայն հնարավորություն է տալիս Լինդիտային՝ ներկայացնելու իր գեղեցիկ վոկալը: American Idol-ում փայլած և Ջ. Լոպեսի հաճոյախոսություններին արժանացած երգչուհի Լինդիտան ելույթ կունենա առաջին կիսաեզրափակչում:

 

Բելգիա

Վերջ դնելով մրցույթում իր գրանցած անհաջողություններին՝ երրորդ տարին անընդմեջ Բելգիան ներկայանում է ինքնատիպ և տարբերվող ձևաչափով: 17-ամյա խոստումնալից երգչուհի Բլանշը, ով թերևս մեծ հաջողություններ չգրանցեց բելգիական «Ձայնը» նախագծի հինգերորդ եթերաշրջանում, իր երգի՝ “City Lights“-ի հրապարակումից րոպեներ անց դարձավ գալիք մրցույթի հաղթողի ամենահավանական թեկնածուներից մեկը: Երգը կառուցված է առանց կրկներգի ու այլ հատվածների հստակ առանձնացման, միևնույն ժամանակ Եվրատեսիլին ներկայանալ ինդի փոփ ժանրում համարձակ քայլ է ցանկացած երկրի համար: Առեղծվածային, տպավորիչ, ժամանակակից և օրիգինալ, երգի նման, առեղծվածային ու գրավող է նաև տեսահոլովակը: Երգչուհին ունի տարբերվող տեմբր, որը կարծես եկել է հաստատելու է այս տարվա կարգախոսը:
Բլանշը “City Lights” երգով շարունակում է մնալ հաղթողի հավանական թեկնածուներից և երկրպագուների սիրելիներից մեկը: Վառե’ք քաղաքի լույսերը , Բելգիան է երգում…

 

Գերմանիա

Unser Song 2017-ի միջոցով էլ Գերմանիան գտավ իր պատվիրակին՝ Լեվինային, ով Կիևում կայանալիք մրցույթի եզրափակչում կկատարի “Perfect Life” երգը:
Լեվինայի մրցույթային երգը մեր թերություններն անտեսելու, եղածով բավարավելու և դրանով կատարյալ կյանքի ձգտման մասին է: 21-րդ դարում մեծ հնգյակի միակ հաղթանակ տարած երկիրը՝ Գերմանիան վերջին տարիներին չի լքում  մրցութային ցուցատախտակի վերջին հորիզոնականները, անգամ 2 տարի շարունակ եզրափակել է այն : Լեվինան մրցույթից առաջ պլանավորում է իր մեծ պրոմոտուր ողջ Եվրոպայում, գուցե դա օգնի նրան բարելավել իր դիրքերը համաեվրոպական մրցույթի եզրափակչում, չնայած հավանական է գերմանացիները Լենայի 2010-ի հաղթանակի կրկնությանը սպասեն ևս մեկ տարի:

 

Դանիա

“The Voice” նախագծի ավստրալական տարբերակի հաղթող Անյա Նիսենին եվրատեսիլի երկրպագուները կհիշեն դեռ նախորդ տարվանից, երբ վերջինիս չհաջողվեց հաղթել ազգային ընտրությունը «Never Alone» երգով:  Սակայն Անյան վերադարձավ, բերելով մեկ այլ ժանր և իրեն հատուկ հզոր վոկալային տվյալներ պահանջող երգ:
Այս անգամ Դանիացի հեռուստադիտողը որոշեց, որ հենց նա կլինի իրենց պատվիրակը Կիևում:
Ինչպես արդեն նշեցինք, «Where I Am»  ստեղծագործությունը   «հեշտ երգվող» երգերի շարքին չենք կարող դասել: Անյայի կատարյալը ձայնը կարծես թռիչքի դուրս եկած լինի երգի մեջ: Ուրախալին այն է, որ թռիչը հաճելի է ու առանց վայրիվերումների: Երգչուհին չի վախենում ցույց տալ իր զգացմունքները, իսկ մենք նրա հետ ապրում ենք իր պատմությունը:
Երկու տարի անընդմեջ եզրափակչում չհայտնվելուց հետո Դանիան մեծ հույսեր է կապում երիտասարդ երգչուհու հետ: Բուքմեյքերները նրա հաղթանակին չեն հավատում,սակայն անհերքելի է, որ երգչուհին գրավելու է շատ երկրպագուների սրտեր:

 

Հունաստան

Տարիներ շարունակ Հունաստանը Եվրատեսիլյան ամենահաջողակ երկրներից էր: Նախորդ տարվա վատ արդյունքը նրանք փորձեցին մեղմել այս տարի մրցույթ ուղարկելով մեծ մասսայականություն վայելող Դեմիին: Երգչուհու անունը մեծ իրարանցում առաջացրեց  մրցույթի երկրպագուների շրջանում, երբ դեռ տարվա սկզբին նրա անունը հայտարարվեց որպես Հունաստանի ներկայացուցիչ: Նույնիսկ մրցույթային երգը չհրապարակած՝ բուքմեյքերները  նրան համարում էին հաղթողի ամենահավանական թեկնածուներից մեկը:
Սակայն ամեն ինչ փոխվեց երբ Դեմին հանրության դատին հանձնեց “This Is Love” մրցութային երգը, որն ընտրվել էր 4 ներկայացված երգերից: Ոչ միայն հիասթափություն ապրեցին մրցույթի երկրպագուներն, այլև նվազեցին երգչուհու շանսերը: Սովորական, ոչնչով չառանձնացող փոփ երգը, այդքան էլ չի տպավորում լսողին: Հատկանշական է, որ կրկներգը հրապարկումից հետո 3 անգամ փոխվել է, սակայն դա նույնպես չի մեծացրել մրցույթում հաղթելու հավանականությունը: Երգը երբեք չհանձնվելու, միավորվելու և ամեն տեղ սեր տարածելու կոչ է անում, գուցե օրիգինալ ոչինչ, բայց նրա արտիստիզմը, հմայքը և կատորողականությունը աշխատելու են միմիայն նրա օգտին:

 

Վրաստան

Մեր հյուսիսային հարևանը այս տարի լուրջ նախապատրաստվել էր ազգային ընտրությանը: Մրցող 25 երգերից լավագույնը ճանաչվեց 33-ամյա Թամարա (Տակո) Գաչեչիլաձեյի ներկայացրած “Keep The Faith” երգը:
Երգը ցանկացած պահին հավատը պահելու մասին է, սակայն շատերի կարծիքով այն քաղաքական ենթատեքստ ունի: Այսպիսի խոսակցությունների պատճառ հանդիսացավ թերևս նախընտրական փուլին երգչուհու կատարման ժամանակ հետնէկրանին ցուցադրված կադրերը, որոնց մի մասը 2008թ-ի ռուս-վրացական պատերազմից էին: Ընդ որում երգչուհին մեկ անգամ արդեն որակազրկվել է Եվրատեսիլ երգի մրցույթից՝ քաղաքական ենթատեքստով երգ ներկայացնելու համար. նա Stephane & 3G խմբի անդամ էր, որը We Don’t Wanna Put In երգով 2009-ին փորձում էր ներկայացնել Վրաստանը Մոսկվայում: Երգչուհին, ինչ խոսք, ունի տպավորիչ ձայնային տվյալներ, սակայն այս “բալլադաշատ” տարում դժվար թե այն առաձնանա կամ փայլի: Չնայած արդեն հասցրել է ձեռք բերել բազմաթիվ հավատարիմ երկրպագուներ:

 

Գրախոսներ՝ Բագրատ Թովմասյան, Հայկ Խաչատրյան, Հմայակ Ավետիսյան

Խմբագիր` Դավիթ Ադամյան

Պատկերազարդում՝ Խաչատուր Թովմասյան, Մաքս Դրևալ(Max Dreval)

 

Իսկ դուք ներկայացված երկների ո՞ր երգերը հավանեցիք, և ինչպես կգնահատեք նրանց շանսերը Եվրատեսիլում։

  • Share this post:
  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
Eurovision, OGAE, Video|14/03/2017 7:57 AM