Հայտնի են Եվրատեսիլ 2018-ի բոլոր 43 երգերը։ Նախորդ շաբաթներին «Դեպի Լիսաբոն» շարքում Ձեզ ներկայացրինք երգերի մեծ մասը։ Այս հոդվածում OGAE Հայաստանը առաջարկում է ծանոթանալ վերջին 5 մասնակից երգերին։
Մակեդոնիայի ծագող դուոն
ՆՀՄ Մակեդոնիան այս տարի ներկայացնելու է Eye Cue դուոն։ 10 տարվա գործունեության ընթացքում դուոն բավական հայտնի է դարձել ոչ միայն Մակեդոնիայում, այլ նաև ողջ Բալկաններում։ Շուրջ 400 երգերից` որպես մրցութային է ընտրվել անդամներից Բոյանի հեղինակած “Lost And Found” (Կորած և գտնված) երգը, որի տեսահոլովակը կարող եք դիտել ստորև.
Ուկրաինական արգելքի վերացումը
Նախորդ տարի Ռուսաստանը սկզբնապես որոշել էր մասնակցել Եվրատեսիլին և Յուլյա Սամոյլովային ընտրել էր որպես մասնակից։ Երգչուհու համար արդեն որոշվել էր երգը, սակայն ուկրաինական իշխանությունները արգելեցին նրա մուտքը Ուկրաինա` պատճառաբանելով Յուլիայի կողմից ուկրաինական սահմանադրության խախտումը. բանն այն է, որ Սամոյլովան վերջին երեք տարիների ընթացքում այցելել էր Ղրիմ։ Արգելքից հետո Ռուսաստանը հրաժարվեց մասնակցելու բոլոր այլընտրանքային ճանապարհներից և որոշեց հրաժարվել Կիևում կայանալիք Եվրատեսիլին մասնակցելուց։ Միջադեպից անմիջապես հետո հաստատվեց Յուլիայի մասնակցությունը Եվրատեսիլ 2018-ին։ Նա այս տարի Լիսաբոնում ներկայանալու է “I Won’t Break” (Ես չեմ կոտրվի) երգով, որի տեսահոլովակը կարող եք դիտել ստորև.
Ամիսներ տևած նախընտրական փուլը
Լիտվան ավանդաբար հայտնի է իր նախընտրական երկար փուլերով, որոնք տևում են ավելի քան 2 ամիս։ Այս տարի նախընտրական փուլում հաղթեց Իևա Զասիմաուսկայիտեն։ Երգչուհին Լիտվայում հայտնիություն ձեռք բերեց 2012 թվականին «Ձայնը» նախագծին մասնակցելուց հետո, որտեղ զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը։ Նրա երգը կոչվում է “When We’re Old” (Երբ մենք ծեր ենք)։ Երգի տեսահոլովակը կարող եք դիտել ստորև.
Բուլղարական «գիշերահավասարը»
Այս տարի Բուլղարիան Եվրատեսիլ երգի մրցույթում ներկայացնելու է Equinox սուպեր խումբը, որը ստեղծվել է հենց մրցույթին մասնակցելու նպատակով։ Խումբը բաղկացած է 5 անդամներից, որոնցից 3-ը բուլղարացի են և 2-ը` ամերիկացի։ Խումբը կոչվում է “Equinox”, որը թարգմանաբար նշանակում է գիշերահասար և ունի խորհրդանշական իմաստ. այն արտացոլում է անդամների հավասարությունը և ընդգծում է գիշերահավասարի երևույթի նշանակությունը, որը կարևորվու է բոլոր կրոններում։ Խմբի երգը կոչվում է “Bones” (Ոսկորներ), որը կարող եք լսել ստորև.
Էթնո–ջազզ եվրատեսիլյան բեմից
Այս տարի մրցույթին ջազզային տրամադրություն հաղորդելու է Վրաստանը ներկայացնող Iriao խումբը։ Խումբն առավել հայտնի է ջազզի և վրացական ազգային երաժշտության յուրահատուկ համադրություններով։ Iriao-ն ընտրվել է ներքին ընտրությամբ և կատարելու է “For You” (Քեզ համար) երգը, որը իր հարազատ ոճում է։ Տեսահոլովակը կարող եք դիտել ստորև.
Դե ինչ, արդեն ներկայացված են Եվրատեսիլ 2018-ի բոլոր մասնակից երգերը։ Դրանք կարող եք վերհիշել ստորև ներկայացված տեսահոլովակի միջոցով։
Հիշեցնենք, որ առաջին կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 8-ին, երկրորդը` մայիսի 10-ին, իսկ եզրափակիչը` մայիսի 12-ին։