Դեպի Լիսաբոն. մաս 8

By

Եվրատեսիլ 2018-ի նախընտրական շրջանն ավարտված է։ Հայտնի են բոլոր 43 երգերը, որոնցից 33-ն արդեն հասցրել ենք Ձեզ ներկայացնել։ Այս հոդվածում OGAE Հայաստանն առաջարկում է ծանոթանալ ևս հինգ մասնակից երգերի։

Միասին դեպի Լիսաբոն

Իռլանդիան այս տարի Եվրատեսիլ երգի մրցույթում ներկայացնելու է Ռայան Օ’Շանեսին։ Երգիչը հայտնիություն է ձեռք բերել` երաժշտական մի շարք նախագծերի մասնակցելով` իռլանդական “The Voice”, բրիտանական “Got Talent” և այլն։ Նրա եվրատեսիլյան երգը կոչվում է “Together” (Միասին)։ Տեսահոլովակը կարող եք դիտել ստորև.

Ավստրիական փորձառու թիմը

Ավստրիան Եվրատեսիլ 2018-ում ներկայացնելու է Սեզար Սեփսոնը։ Երգիչը և նրա երգը որոշվել են ներքին ընտրությամբ։ Լիսաբոնում Սեզարը կատարելու է “Nobody but You” (Քեզանից բացի ոչ ոք) երգը, որի ստեղծագործական անձնակազմը եվրատեսիլյան բավական մեծ և հաջողված փորձ ունի։ Հեղինակներ Բորիս Միլանովը և Սեբաստիան Արմանը, վերջին երկու տարիներին համագործակցելով Բուլղարիայի հետ, ապահովել են երկրի լավագույն արդյունքները. 2016 թվականին` 4-րդ, իսկ նախորդ տարի` 2-րդ։ Սեմփսոնի երգի տեսահոլովակը կարող եք դիտել ստորև.

Պարային մրցակցություն երգի միջոցով

Նախորդ շաբաթ ավարտին մոտեցավ նաև եվրատեսիլյան նախընտրական փուլերից ամենամասշտաբայինը և ամենասիրվածը` շվեդական Մելոդիֆեստիվալենը։ 6 շաբաթների ընթացքում մրցեցին 28 մասնակիցներ, որոնց թվում էին շվեդական նախընտրական փուլերից քաջ հայտնի մի շարք մասնակիցներ, այդ թվում` հաղթող Բենյամին Ինգրոսսոն։ Երգիչը նախընտրական փուլին մասնակցում էր երկրորդ անգամ։ Այս տարի ամեն ինչ հաջող ընթացավ Ինգրոսսոյի համար, ով եզրափակչում թե՛ միջազգային ժյուրիից, թե՛ հեռուստադիտողից ստացավ առավելագույն միավորները։ Նրա երգը կոչվում է “Dance You Off”, որի միջոցով Ինգրոսսոն պարային մրցակցության է հրավիրում իր համակրած աղջկան։ Միջազգային ժյուրիի կազմում էր նաև Հայաստանը, որի ձայները հաղորդեց Անուշ Տեր–Ղուկասյանը։ Հայաստանյան ժյուրին իր առավելագույն միավորը նույնպես շնորհեց Բենյամինին։ “Dance You Off” երգի տեսահոլովակը կարող եք դիտել ստորև.

Ռիբակի ու ջութակի  վերադարձը

Մրցույթ է վերադառնում Եվրատեսիլ 2009-ի հաղթող Ալեքսանդր Ռիբակը, ով քվեարկության հին համակարգով բացարձակ ռեկորդակիր է իր ստացած 387 միավորով։ Հաղթանակից 9 տարի անց երգիչը որոշեց ամեն ինչ սկսել նորից։ Նա կրկին հայտ ներկայացրեց Նորվեգիայի նախընտրական փուլին, որտեղ էլ բացահայտ հաղթանակ տարավ։ Երգի միջոցով Ռիբակը փորձում է սովորեցնել, թե ինչպես պետք է երգ գրել։ Այն կոչվում է “That’s How You Write a Song” (Ահա թե ինչպես ես դու երգ գրում)։ Ինչպես 2009-ին, այս տարի ևս Ռիբակից անպակաս է լինելու այցեքարտ դարձած իր ջութակը։ Մրցութային երգի տեսահոլովակը կարող եք դիտել ստորև.

«Կանայք խաղալիք չեն»

Իսրայելը Եվրատեսիլ 2018-ին ներկայանում է` նոր շնչով և կարևորագույն խնդիրներ բարձրաձայնելով։ Շաբաթներ տևած նախընտրական փուլում հաղթեց 25-ամյա Նետան, ում ամեն մի կատարումը իրական շոուի էր վերածվում։ Նրա համար ընտրվեց մրցութային մի երգ, որը, չնայած իր ուրախ տրամադրությանը և հետաքրքիր երաժշտական կառուցվածքին, փոխանցում է կարևոր մի հաղորդագրութուն` «Կանայք խաղալիք չեն»։ Այն սերտորեն կապված է #MeToo շարժման հետ, որի նպատակը սեքսուալ ոտնձգությունների դեմ պայքարն է։ “Toy” (Խաղալիք) երգի հրապարակումից անմիջապես հետո Նետան դարձավ հաղթողի հիմնական հավակնորդը։ Մի քանի օրվա ընթացքում նրա տեսահոլովակը դիտվել է ավելի քան 2 միլիոն անգամ։

Շարունակեք հետևել «Դեպի Լիսաբոն» շարքի մեր վերջին անդրադարձներին։ Պայքարը գնալով թեժանում է։

  • Share this post:
  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
Eurovision, News|15.03.2018 3:14 am