Դեպի Լիսաբոն. մաս 7

By

Եվրատեսիլյան նախընտրական շրջանը հասել է իր կիզակետին: Հաշված երկրներ են մնացել, որոնք դեռ պետք է ընտրեն կամ հանրությանը ներկայացնեն իրենց պատվիրակին: OGAE Հայաստանը, իր հերթին, շարունակում է իր ընթերցողներին ներկայացնել համաեվրոպական մրցույթի ամենաթարմ իրադարձությունները։ Ստորև առաջարկում ենք ծանոթանալ ևս 5 մասնակից երգերի։

Ջազզ երգչուհին փոփ ժանրում

Եվրատեսիլ 2018-ում Ադրբեջանը ներկայացնելու է երգչուհի Այսելը։ Լինելով  ջազզ երգչուհի` Այսելը ներկայանալու է ավանդական փոփ ժանրում` կատարելով “X My Heart” (Հակադրվում եմ սրտիս) երգը։ Երգի հեղինինակներից է Դիմիտրիս Կոնտոպուլոսը, ով եվրատեսիլյան մի շարք հիթերի հեղինակ է (“Shady Lady”, “Hold Me”, “You Are the Only One”)։ Ե՛վ երգչուհին, և՛ նրա երգը որոշվել են ներքին ընտրությամբ։

Պորտուգալական «Պարտեզը»

Նախորդ տարվա հաջողված փորձից հետո Պորտուգալիան այս անգամ նույնպես իր մասնակցին ընտրեց նախընտրական փուլի միջոցով։ Մրցույթն ինտրիգներից զերծ չէր. հաղթողի հիմնական հավակնորդը` Դիոգո Պիսարան, մեղադրվեց գրագողության մեջ և որակազրկվեց մրցույթից։ Եզրափակիչ անցած 14 մասնակիցների շարքում հաղթող ճանաչվեց Կլաուդիա Պասկոալը, ով ներկայանում էր “O jardim” (Պարտեզը) երգով։ Այն ամբողջությամբ պորտուգալերեն է։ Հաղթողը որոշվեց հեռուստաքվեարկության և Պորտուգալիայի տարբեր շրջանները ներկայացնող ժյուրիի քվեարկության արդյունքում։ Պասկոալի կատարումը կարող եք լսել ստորև.

Առաջին երգը` մրցութային երգ

Բելգիան այս տարի Եվրատեսիլում ներկայացնելու է Լաուրա Գրոսենեկենը, ով մրցույթում հանդես է գալիս Սեննեկ բեմական կեղծանվամբ։ Նրա մրցութային երգը կոչվում է “A Matter of Time” (Ժամանակի խնդիր)։ Այն սոուլ և էլեկտրոնիկ փոփ ժանրերում է և առհասարակ երգչուհու առաջին սինգլն է։ Բացի վոկալի ուսուցչուհի լինելուց Լաուրան շվեդական հանրահայտ IKEA կազմակերպությունում աշխատում է որպես վիզուալ մերչենդայզեր։ Մրցութային երգի տեսահոլովակը կարող եք դիտել ստորև.

Մարզիչի հետքերով

Խորվաթիան այս տարի նույնպես իր պատվիրակին և նրա երգը որոշեց ներքին ընտրությամբ։ Լիսաբոնում երկիրը ներկայացնելու է Ֆրանկան “Crazy” (Խելագար) երգով։ Երգչուհին իր երգի համահեղինակներից է։ Ֆրանկան Խորվաթիայում ճանաչում ձեռք բերեց 2007 թվականին, երբ հաղթեց խորվաթական «Idol» նախագծում։ Հատկանշական է, որ այնտեղ ժյուրիի անդամներից էր Խորվաթիայի նախորդ տարվա ներկայացուցիչ Ժակ Հուդեկը։ Բացի երաժշտական գործունեությունից Ֆրանկան հայտնի է նաև ԼԳԲՏ համայնքի և կենդանիների իրավունքների պաշտպանությամբ։ “Crazy” երգի տեսահոլովակը կարող եք դիտել ստորև.

Հատուկ հյուրից մինչև մասնակից

Արդեն 4-րդ տարին անընդմեջ Եվրոպական հեռարձակողների միության կողմից Եվրատեսիլ երգի մրցույթ է հրավիրվում Ավստրալիան։ Ներքին ընտրությամբ որոշվեց, որ երկիրն այս տարի եվրոպական մրցույթում ներկայացնելու է Ջեսիկա Մաուբոյը։ Նա Ավստրալիայում ամենահայտնի երգչուհիներից է, ում թողարկած ձայնասկավառակները և սինգլները արժանացել են բազմաթիվ մրցանակների։ Ջեսիկան երաժշտական շրջագայություններով հանդես է եկել այնպիսի հայտնի դեմքերի հետ, ինչպիսիք են Բեյոնսեն և Քրիս Բրաունը։ Նա հայտնի է նաև եվրատեսիլյան հանրությանը։ 2014 թվականին Ջեսիկան` որպես մրցույթի հատուկ հյուր, ելույթ ունեցավ Կոպենհագենում Եվրատեսիլ երգի մրցույթի երկրորդ կիսաեզրափակչում։ Մինչդեռ այս տարի նա Եվրատեսիլի մասնակիցների շարքում է։ Ջեսիկան կատարելու է “We Got Love” (Մենք սիրեցինք) երգը։

 

Իսկ ո՞վ է այս հնգյակից Ձեր ֆավորիտը, տեղեկացրեք մեկնաբանություններում:
Շարունակեք հետևել ՕԳԱԵ Հայաստանին: Ամենահետաքրքիրը դեռ առջևում է:

  • Share this post:
  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
Eurovision, News|11.03.2018 1:39 am