Դեպի Լիսաբոն. մաս 6

By

Արդեն շաբաթներ շարունակ OGAE Հայաստանը Ձեզ է ներկայացնում Եվրատեսիլ 2018-ի նախընտրական շրջանը: Նախորդ շաբաթը լի էր եվրատեսիլյան իրադարձություններով. ընտրվեցին մի շարք երգեր, որոնցից 5-ին կանդրադառնանք այս հոդվածում:

«Անիծված» երկրորդ հորիզոնականները

Ֆինլանդիան Եվրատեսիլ 2018-ում ներկայացնելու է Սաարա Ալտոն։ Նա մի երգչուհի է, ով բացի իր հզոր ձայնից հայտնի է նաև երկրորդ հորիզոնականը գրավելու «հակումով». Ալտոյի երաժշտական կարիերայում բեկում մտավ 2012 թվականին, երբ նա մասնակցեց ֆինլանդական «The Voice» նախագծի առաջին եթերաշրջանին և զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը։ Նա երկու անգամ` 2011-ին և 2016-ին, փորձեց ներկայացնել Ֆինլանդիան Եվրատեսիլ երգի մրցույթում, սակայն նախընտրական փուլերում երկրորդն էր։ Այս ամենին հետևեց երգչուհու մասնակցությունը բրիտանական “X Factor” երաժշտական նախագծին, որտեղ կրկին զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը։ Երգչուհին այս ամենից հետո, երբ ձեռք բերեց բավական մեծ միջազգային ճանաչում, ընտրվեց որպես Ֆինլանդիայի եվրատեսիլյան պատվիրակ, ընդ որում` ներքին ընտրությամբ։ Չնայած ֆինները չմասնակցեցին իրենց ներկայացուցչի ընտրությանը, այնուամենայնիվ միջազգային ժյուրիի հետ կարողացան ընտրել Ալտոյի երգի։ Ներկայացված երեք երգերից հաղթող ճանաչվեց “Monsters” (Հրեշներ)–ը, որը կարող եք լսել ստորև.

Ձայնի ուժը

Գաղտնիք չէ, որ օպերային կատարումները նորություն չեն Եվրատեսիլ երգի մրցույթի համար, սակայն դրանք միշտ էլ յուրահատուկ ուշադրության են արժանանում։ Այս տարի նման ուշադրության կենտրոնում է Էստոնիան ներկայացնող սոպրանո Էլինա Նեչաևան։ Երգչուհին իրեն հավասարը չուներ ողջ նախընտրական փուլում, որտեղ յուրաքանչյուր քվեարկության ժամանակ նա մի քանի անգամ ավելի շատ ձայն էր ստանում, քան մյուս մասնակիցները։ Ընտրվելուց հետո Նեչաևան դարձավ Եվրատեսիլ 2018-ի հաղթողի հիմնական հավակնորդներից մեկը։ Նրա երգը կոչվում է “La forza” (Ուժը)։ Այն ամբողջությամբ իտալերեն է։

Լեհ DJ–ը և շվեդ երգիչը

Այս տարի Լեհաստանը Եվրատեսիլ 2018-ին ներկայացնելու են լեհ DJ Գրոմին և շվեդ երգիչ Լուկաս Մեյերը, ով էլ կատարում է նրանց հեղինակած “Light Me Up” (Բռնկիր ինձ) երգը։ Նախընտրական փուլում ստանալով հեռուստադիտողի առավելագույն և ժյուրիի 8 միավորը` նրանք կարողացան հաղթանակ տոնել։ Կատարումը կարող եք լսել ստորև.

Գերյուրահատուկ նախընտրական փուլ

Սան Մարինոն իր եվրատեսիլյան պատմության մեջ առաջին անգամ ներկայացավ նախընտրական փուլով, որը լի էր մի շարք առանձնահատկություններով։ Համացանցով ընթացող նախընտրական փուլին կարող էին մասնակցել բոլոր ցանկացողները աշխարհի բոլոր ծայրերից։ Բազմահազարանոց մասնակիցներից ընտրվեցին 11-ը։ Նրանց ավելի ուշ հատկացվեցին երկուական երգեր, որոնցից ժյուրիի քվեարկությամբ առանձնացվեց մեկը։ Եզրափակչում քվեարկության արդյունքների վրա մեծ ազդեցություն ունեցան նաև դրամային հատկացումները. ընդունված sms քվեարկության փոխարեն գործեց ներդրումային համակարգ. այսինքն քվեարկել երգի օգտին կարելի էր միայն գումար փոխանցելով` սկսած 20 եվրոյից։ Հավաքելով 8000 եվրո` մասնակիցը ավտոմատ ստանում էր 12 միավոր։ Այս արդյունքներին գումարվեցին ժյուրիի քվեարկության արդյունքները և հաղթող ճանաչվեց մալթացի Ջեսիկան, ով եզրափակչում հանդես եկավ գերմանացի Ջենիֆեր Բրենինգի հետ։ Նրանց երգը կոչվում է “Who We Are” (Ով ենք մենք)։

Իսլանդացիների ընտրությունը

Իսլանդիան այս տարի նույնպես իր մասնակցին ընտրեց նախընտրական փուլի միջոցով։ Ինչպես նախորդ տարիներին` կիսաեզրափակչում երգերը պարտադիր պետք է լինեին իսլանդերեն, իսկ հասնելով եզրափակիչ` դրանց լեզուն կարող էր փոփոխվել` ըստ անհրաժեշտության։ Եզրափակչում քվեարկեցին միջազգային և տեղային անդամներից կազմված ժյուրին և հեռուստադիտողը։ Արդյունքում հաղթեց տասնիննամյա Արի Օլաֆսսոնը, ով կատարում է “Our Choice” (Մեր ընտրությունը) երգը։

Շարունակեք հետևել Եվրատեսիլ 2018-ի ամենաակտիվ նախընտրական շրջանին OGAE Հայաստանի հետ։

 

  • Share this post:
  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
Eurovision, News|07.03.2018 1:42 am