Դեպի Լիսաբոն. մաս 5

By

OGAE Հայաստանի «Դեպի Լիսաբոն» շարքի շրջանակներում շարունակում ենք Ձեզ ներկայացնել նախաեվրատեսիլյան ամենակարևոր իրադարձությունները։ Ստորև առաջարկում ենք ծանոթանալ մասնակից 43 երկրներից 5–ի երգերին։

Ռիո դե Ժանեյրոյից Լիսաբոն

Լատվիան Եվրատեսիլ 2018-ին ներկայացնելու է բրազիլաբնակ երգչուհի Լաուրա Ռիզզոտտոն։ Ունենալով լատվիական արմատներ` երգչուհին ծնվել և մեծացել է Բրազիլիայում, որտեղ էլ սկսել է իր երաժշտական գործունեությունը։ Այս ընթացքում նա 2012 թվականին Ռիո դե Ժանեյրոյում ելույթ է ունեցել Դեմի Լովատոյի համերգին։ Երգչուհին հանդես է եկել նաև որպես պորտուգալերենի ուսուցչուհի և 2016-ից 2017-ին պորտուգալերենի դասեր է տվել հանրահայտ երգչուհի Ջենիֆեր Լոպեսին։ Մասնակցելով Լատվիայի եվրատեսիլյան նախընտրական փուլին` նա հեշտությամբ անցավ եզրափակիչ փուլ։ Այստեղ ժյուրիի և լատվիացի հեռուստադիտողի քվեարկությամբ նա զբաղեցրեց առաջին հորիզոնականը։ Բացի հեռուստաքվեարկությունից անցկացվում էր նաև համացանցային քվեարկություն, բացի այդ հաշվի էր առնվում նաև Spotify հոսանքային աուդիոծառայությունում գրանցած լսումների քանակը։ Լաուրայի երգը կոչվում է “Funny Girl” (Զվարճալի աղջիկ)։

Առանց երաժշտական սահմանափակումների

Այն որ Եվրատեսիլը բաց է երաժշտական բոլոր ժանրերի համար, համոզվում ենք ամեն տարի, սակայն մրցույթի վաթսուներկուամյա պատմության մեջ դժվար է հիշատակել մետալ առավել ևս փոստ–հարդքոր ռոք ժանրի որևէ երգ։ Այս բացը գալիս է լրացնելու հունգարական AWS խումբը։ Նրանց հիմնական երաժշտական ժանրը` փոստ–հարդքորը, ծագել է փանք–ռոքից և առաջացել է 1980–ական թվականների կեսերին։ Խումբը, մասնակցելով հունգարական նախընտրական փուլին, հասավ եզրափակիչ փուլ, որն անցկացվեց երկու փուլով։ Առաջին փուլում ժյուրիի քվեարկությամբ ընտրվեցին 4 մասնակիցներ, որոնց շարքում AWS–ը 4-րդ տեղում էր։ Մինչդեռ երկրորդ փուլում, որտեղ քվեարկում էր միայն հեռուստադիտողը, խումբը հաղթանակ տարավ։ Նրանց երգը կոչվում է “Viszlát nyár” (Ցտեսություն, ամա՛ռ), որն ամողջությամբ հունգարերենով է։

Անսպասելի հաղթանակ և դժգոհություններ

Այս տարի Ռումինիայում կրկին անցկացվեց նախընտրական փուլ, որտեղ հաղթանակի համար պայքարում էին 15 մասնակիցներ։ Ի թիվս հաղթանակի մի քանի հավակնորդների, որոնք բավական հայտնի են Ռումինիայում, նախընտրական փուլում բացառապես հեռուստաքվեարկությամբ հաղթող ճանաչվեց նոր կազմավորված The Humans խումբը։ Մրցութային “Goodbye” (Ցտեսություն) երգը խմբի երկրորդ սինգլն է։ Այս հաղթանակը, սակայն, որոշ մրցակիցների կողմից չընդունվեց։ Վերջիններս նույնիսկ կասկածի տակ դրեցին մրցույթի արդյունքները` հայտնելով իրենց դժգոհությունը։ Խմբի կատարումը կարող եք դիտել ստորև.

Կիպրոսի «կրակը»

Կիպրոսը Եվրատեսիլ 2018-ում ներկայացնելու է հույն երգչուհի Էլենի Ֆուրեիրան։ Երգչուհին ընտրվել է ներքին ընտրությամբ և կատարելու է “Fuego” (Կրակ) երգը։ Չնայած իսպաներեն վերնագրին` այն ամբողջությամբ անգլերեն է։ Ֆուրեիրան բավական հայտնի է թե՛ իր հայրենիքում` Հունաստանում, թե՛ Կիպրոսում։ Նրա «կրակոտ» տեսահոլովակը կարող եք դիտել ստորև.

Ուեյլոնի վերադարձը

Եվրատեսիլ երգի մրցույթ է վերադառնում նիդեռլանդցի երգիչ Ուեյլոնը։ Վերջինս 2014 թվականին The Common Linnets խմբի կազմում արդեն ներկայացրել է Նիդեռլանդները և գրավել 2-րդ հորիզոնականը` ապահովելով երկրի լավագույն արդյունքը 1975 թվականից ի վեր։ Ուեյլոնը Եվրատեսիլի ավարտից հետո հեռացավ խմբից` շարունակելով հանդես գալ որպես մենակատար։ Նախորդ տարեվերջին նա հայտարարվեց Եվրատեսիլ 2018–ում Նիդեռլանդների պատվիրակ։ 5 օր շարունակ հրապարակվեցին երգչի վերջին ձայնասկավառակի 5 երգերը, որոնք ներկայացվում էին որպես իր եվրատեսիլյան երգի հավանական թեկնածուներ։ Բոլոր երգերի հրապարակումից հետո Ուեյլոնը հայտարարեց, որ նա մայիսին Լիսաբոնում կատարելու է “Outlaw in ‘Em” (Հանցագործ իրենց մեջ) երգը։ Երգը քանթրի–ռոք ժանրում է։

Շարունակե՛ք հետևել եվրատեսիլյան աշխարհից ամենաթարմ նորությունները Ձեզ հասցնող` OGAE Հայաստանին։ 

  • Share this post:
  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
Eurovision, News|03.03.2018 8:22 pm