Դեպի Լիսաբոն. մաս 4

By

OGAE Հայաստանը շարունակում է «Դեպի Լիսաբոն» շարքը, որտեղ Ձեզ ենք ներկայացնում Եվրատեսիլ երգի մրցույթի նախընտրական շրջանը։ Մաչտի մեկի դրությամբ արդեն ընտրվել են մասնակից երգերի շուրջ կեսը, որոնցից հինգին կծանոթանանք այս հոդվածում։

«Վերադարձ սերբերենին»

Երկարատև դադարից հետո Սերբիան այս տարի իր մասնակից երգն ընտրեց ազգային ընտրությամբ։ Սերբիան եվրատեսիլյան այն եզակի երկրներից է, որոնք նախընտրում են մասնակցել Եվրատեսիլին այնպիսի երգերով, որոնք պարունակում են ազգային տարրեր և ամենակարևորը իրենց մայրենի լեզվով են։ Այս օրինաչափությունը խախտվում էր վերջին 3 տարիներին, սակայն երկիրը որոշեց վերադառնալ հին ավանդույթին` նախընտրական փուլում ընդգրկելով միայն սերբերեն երգերը։ 17 մասնակիցների շարքում թե՛ հեռուստադիտողի և թե՛ ժյուրիի ձայների գերակշիռ մասը ստացավ Բալկանիկա խումբը, որը ներկայանում է իր հիմնադիր, երգահան Սանյա  Իլիչի հետ։ Նրանց երգը կոչվում է “Нова Деца” (Նոր երեխաներ)։

«Գերմանիան չի ընկրում»

Այս տարի Գերմանիան անցկացրեց յուրահատուկ ձևաչափով նախընտրական փուլ։ Բացի ժյուրիից և հեռուստադիտողից քվեարկությանը մասնակցեց նաև 100 անդամ ունեցող եվրատեսիլյան «հետազոտողների խումբը», որը սոցիալական ցանցերում անցկացրած հարցումների միջոցով արտահայտում էր շուրջ 15,000 եվրոպացիների տեսակետը։ Թե՛ հեռուստադիտողը, թե՛ միջազգային ժյուրին և թե՛ հետազոտողների խումբը միաձայն էին իրենց որոշման մեջ։ 6 մասնակիցներից առավելագույն 12 միավորներին արժանացավ Մայքլ Շուլթեն, ով էլ փորձելու է վերջ դնել վերջին 5 տարիների Գերմանիայի տխուր վիճակագարությանը Եվրատեսիլ երգի մրցույթում։ Շուլթեի երգը կոչվում է  “You Let Me Walk Alone” (Դու թողեցիր ինձ քայլել միայնակ)։ 20 հոգուց բաղկացած միջազգային ժյուրիի կազմում ներգրավված էր նաև հայազգի կիպրոսաբնակ երգիչ, երգահան Գոռ Մելիանը։ Գերմանիայի պատվիրակի կատարումը կարող եք դիտել ստորև.

«Նախորդ տարվա հետքերով»

2017 թվականը բավականին հաջող էր Մոլդովայի համար. երկիրը գրանցեց իր լավագույն եվրատեսիլյան արդյունքը` 3-րդ հորիզոնականը։ Ոգևորվելով այդ հաջողությունից` մոլդովացիներն այս տարի իրենց ընտրությունը փորձեցին հնարավորինս նմանեցնել նախորդին. ընտրված երգը կրկին դենսփոփ ժանրում է և կրկին նմանատիպ տրամադրություն է հաղորդում։ Նախընտրական փուլում 16 մասնակիցների ցանկում և՛ ժյուրիի և հեռուստադիտողի քվեարկությամբ հաղթեց DoReDos խումբը “My Lucky Day” (Իմ երջանիկ օրը) երգով, որի հեղինակներից է նաև եվրատեսիլյան մի քանի հիթերի հեղինակ Ֆիլիպ Կիրկորովը։

«Շնորհակալություն, ո՛չ»

Սլովենիան Եվրատեսիլ 2018-ում կներկայացնի Լեա Սիրկը իր “Hvala, ne!” (Շնորհակալություն, ոչ) երգով, որն ամբողջությամբ սլովեներեն է։ Սիրկն ընտրվեց նախընտրական փուլի միջոցով։ Եզրափակչում նա ստացավ ժյուրիի գերակշիռ ձայները, սակայն հեռուստաքվեարկությամբ միայն երրորդն էր, ինչը նրան բացարձակ չխանգարեց դառնալու Սլովենիայի այս տարվա պատվիրակը։ Սա Սլովենիայի նախընտրական փուլին մասնակցելու երգչուհու երրոդ փորձն էր։ Կատարումը կարող եք դիտել ստորև.

«Էքսցենտրիկ Մելովինը»

Եվրատեսիլ 2018-ում բացի Սևակ Խանաղյանից կլինի ուկրաինական “X Factor”–ի ևս մեկ հաղթող։ Խոսքը Մելովինի մասին է, ով վերջին շրջանում բավական հայտնի է Ուկրաինայում, ինչի մասին կարող են փաստել Եվրատեսիլի նախընտրական փուլերում հեռուստաքվեարկությամբ նրա ստացած բազմահազարանոց ձայները։ Ի դեպ, Ուկրաինայի նախընտրական փուլում երգիչը հեռուստաքվեարկությամբ առաջինն էր նաև նախորդ տարի, սակայն ժյուրիի անդամները նրան բավական ցածր էին գնահատել։ Չնայած այս տարի նա նույնպես ժյուրիի նախընտրելի թեկնածուն չէր, այնուամենայնիվ ընդհանուր հաշվարկում Մելովինը հաղթող ճանաչվեց։ Նրա երգը կոչվում է “Under the Ladder” (Աստիճանի տակ)։

  • Share this post:
  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
Eurovision, News|01.03.2018 2:47 am