Դեպի Լիսաբոն. մաս 3

By

OGAE Հայաստանը շարունակում է Ձեզ նոտ պահել այս տարվա նախաեվրատեսիլյան անցուդարձին։ Նախորդ օրերին Եվրատեսիլյան աշխարհում հետաքրքրության և անակնկալների պակաս չգրանցվեց։ Հայտնի դարձան ևս 6 մասնակից երգեր, որոնք էլ կներկայացնենք ստորև։

«Պարուհուց և պրոդյուսերից մինչև մեներգչուհի»

Միացյալ Թագավորությունն արդեն երրորդ տարին անընդմեջ իր պատվիրակին և նրա երգն ընտրում է նախընտրական փուլի միջոցով։ Ազգային փուլում ամեն տարի մրցում են 6 մասնակիցներ։ Հաղթողին այս անգամ որոշեցին միջազգային ժյուրին և բրիտանացի հեռուստադիտողը։ Միացյալ Թագավորությունը ներկայացնելու հնարավորություն ստացավ SuRie–ն, ով հանդես կգա “Storm” (Փոթորիկ) երգով։ SuRie-ն երկար տարիներ ներկայացել է որպես բեք–վոկալիստուհի և արդեն երկու անգամ հասցրել է մասնակցել Եվրատեսիլ երգի մրցույթին, սակայն այլ կարգավիճակներով. 2015 թվականին նա ներգրավված էր Բելգիան ներկայացնող Լուիկ Նոտեի պարողների թիմում, իսկ նախորդ տարի նա Բելգիան ներկայացնող Բլանշի երաժշտական պրոդյուսերն էր։ Բրիտանուհու եվրատեսիլյան երգը կարող եք լսել ստորև.

«Մերժվելով Շվեդիայում` տեղ գտավ Դանիայում»

Այս տարի Դանիայի նախընտրական փուլում ներկայացված էին 10 մասնակիցներ, որոնցից ժյուրիի և հեռուստադիտողի քվեարկությամբ «Սուպերեզրափակիչ» անցան միայն 3–ը։ Այստեղ հավաքելով ձայների 50%-ը` հաղթեց Ռասմուսենը` “Higher Ground” (Ավելի բարձր գետին) երգով։ Դանիացի հեռուստադիտողին գրաված երգը հաղթանակից հետո պարզվեց, որ նույնիսկ չէր հայտավորվել Շվեդիայի նախընտրական փուլի` Մելոդիֆեստիվալենի 28 երգերի ցանկում։ Մերժվելով Շվեդիայում` երգի հեղինակաները որոշել էին այն ներկայացնել սկանդինավյան մեկ այլ երկրում։ Դանիայում այն ընդունեցին, սակայն մրցույթի կանոնների համաձայն` մասնակիցները պետք է դանիացի լինեին։ Ուստի երգի հեղինակները ստիպված եղան վերցնել երգը Դեննիս Բենգստոնից (Շվեդիայում ներկայացվել էր նրա կատարմամբ) և հանձնել այն դանիացի Ռասմուսենին։

 «Հին ու բարի Սանռեմոն»

Իտալիան իր եվրատեսիլյան մասնակցին ընտրում է գործող եվրոպական ամենահին երաժշտական մրցույթի` Սանռեմոյի միջոցով։ 68 տարվա պատմություն ունեցող մրցույթն անցկացվում է 5 փուլով։ Այն Իտալիայում ավելի մեծ մասսայականություն է վայելում, քան բուն Եվրատեսիլ երգի մրցույթը։ «Սանռեմոն» Եվրատեսիլի նախընտրական փուլ անվանել չի կարելի, քանի որ Եվրատեսիլում ներկայանալու հնարավորությունը գլխավոր մրցանակը չէ։ Պարզապես, «Մեծ արտիստներ» անվանակարգում հաղթող ճանաչված մասնակիցը իրավունք է ստանում նաև ներկայացնելու Իտալիան Եվրատեսիլում։ Եղել են դեպքեր, երբ այդ առաջարկից նույնիսկ հրաժարվել են։ Սակայն այս տարի այդ դեպքը չէր։ Անվանակարգում հաղթող ճանաչված Էրմալ Մետան և Ֆաբրիցիո Մորոն համաձայնեցին ներկայանալ նաև Եվրատեսիլում։ Հաղթողը որոշվեց պրոֆեսիոնալ ժյուրիի (20%), լրագրողների (30%) և հեռուստադիտողի (50%) քվեարկության արդյունքում։ Նրանց երգը կոչվում է “Non mi avete fatto niente” (Ինձ ոչինչ չեք արել)։

«Չկայացած նախընտրական փուլը»

Հունաստանն այս տարի որոշել էր նախընտրական փուլ անցկացնել, որտեղ ներկայացվող երգերը պետք է բացարձակապես հունարենով լինեին և պարտադիր պարունակեին ազգային տարրեր։ Ներքին ընտրությամբ առանձնացվել էին 5 մասնակից երգեր, որոնցից 2-ը, սակայն, որակազրկվեցին հունական հնչուղություն չունենալու, իսկ մյուս 2-ը` ֆինանսական խնդիրների պատճառով։ Արդյունքում նախընտրական փուլում մնաց միայն մեկ մասնակից, ով էլ հնարավորություն ստացավ ներկայացնելու Հունաստանը Եվրատեսիլ երգի մրցույթում։ Միակ չորակազրկված մասնակիցը Յաննա Թերզին է, ով ներկայանալու է “Óneiró mou” (Իմ երազանքը) երգով։ Երգի պաշտոնական տեսահոլովակը կարող եք դիտել ստորև.

«Բելառուսական կրքերը…»

Այս տարի Բելառուսի նախընտրական փուլում կրքերը բավականին թեժ էին։ Ուկրաինացի հայտնի երգիչ Ալեքսեևի մասնակցությունը բելառուսական նախընտրական փուլին, հենց սկզբից էլ, մեղմ ասած, շատերի սրտով չէր։ Ամեն ինչ ավելի սրվեց, երբ երգիչը մրցույթին ներկայացրեց ամիսներ առաջ իր թողարկած “Навсегда” երգի անգլերեն տարբերակը` “Forever”-ը։ Ինչպես գիտենք, ըստ Եվրատեսիլի կանոնների` մասնակից երգերը չպետք է հրապարակված լինեին նախքան 2017 թվականի սեպտեմբերի 1-ը։ Սա առաջացրեց մյուս մասնակիցների դժգոհությունը, ինչի արդյուքնում նախընտրական փուլի 11 մասնակիցներից 7-ը բաց նամակ ուղղեցին Բելառուսի ազգային հեռուստաընկերությանը, որտեղ Ալեքսեևին չորակազրկելու դեպքում, նրանք սպառնում էին հեռանալ մրցույթից։ Ալեքսեևին չհեռացրին, իսկ մրցույթը ինքնակամ լքեց միայն Սոֆի Լապինան։ Ի վերջո եզրափակչում հաղթեց հենց գլխավոր ֆավորիտը` Ալեքսեևը։ Նա ստացավ առավելագույն միավորները և՛ հեռուստադիտողից, և՛ բելառուսական ժյուրիից։ Երգի պաշտոնական տեսահոլովակը կարող եք դիտել ստորև.

«Միայն չեռնոգորերեն»

Ոգևորվելով նախորդ տարվա հաղթող երգից` այս տարի Չեռնոգորիան նույնպես որոշել էր նախընտրական փուլ անցկացնել, որտեղ կարող էին ընդգրկվել միայն մայրենի լեզվով երգեր։ 5 մասնակցից բաղկացած նախընտրական փուլում հաղթողը որոշվեց հեռուստաքվեարկությամբ։ Արդյունքում, Եվրատեսիլ 2018 երգի մրցությում Չեռնոգորիան կներկայացնի Վանյա Ռադովանովիչը “Inje” (Եղյամ) երգով։

Առաջիկա շաբաթը էլ ավելի հարուստ է լինելու նախընտրական փուլերով. փետրվարի 20-ին տեղի կունենա Սերբիայի, իսկ 22-ին` Գերմանիայի նախընտրական փուլը։Շաբաթ օրը` փետրվարի 24-ին հայտնի կդառնան միանգամից 5 մասնակից երգեր. այդ օրը իրենց մասնակիցներին կընտրեն Մոլդովան, Հունգարիան, Լատվիան, Սլովենիան, Ուկրաինան։ Իսկ հաջորդ օրը «Դեպի Եվրատեսիլի» եզրափակչից բացի, տեղի կունենա նաև Ռումինիայի ազգային ընտրության եզրափակիչը։

  • Share this post:
  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
Eurovision, News, Без рубрики|18.02.2018 2:40 pm