Դեպի Լիսաբոն. մաս 2

By

OGAE Հայաստանը շարունակում է ներկայացնել Եվրատեսիլ երգի մրցույթի նախընտրական շրջափուլը։ Անդրադառնալով նախորդ շաբաթվա եվրատեսիլյան իրադարձություններին` ձեզ կներկայացնենք Չեխիայի, Իսպանիայի, Մալթայի և Շվեյցարիայի կատարած ընտրությունները։

«Այս անգամ իսկապես նրա հերթն է»

Այս տարի Չեխիան իր մասնակցին ընտրեց նախընտրական փուլի միջոցով։ Ինչպես կազմակերպիչներն էին նշել, նախընտրական փուլ անցկացնելու հիմանական նպատակը երկրում Եվրատեսիլ երգի մրցույթը էլ ավելի հանրաճանաչ դարձնելն էր։ Այն ամբողջությամբ ընթացավ համացանցում. օնլայն անցկացվեցին և՛ երգերի ներկայացումը, և՛ քվեարկությունը։ 6 մասնակիցներից հաղթողին ընտրեցին նախորդ տարիների եվրատեսիլյան ներկայացուցիչներից կազմված միջազգային ժյուրին և չեխ օգտատերերը։ Ժյուրիի կազմում ներգրավված էր նաև Իվետա Մուկուչյանը։ Մրցույթում առավելագույն ձայներով հաղթեց Միկոլաս Յոզեֆը, ով ներկայանալու է “Lie to Me” (Ստի՛ր ինձ) երգով։ Այն փոփ և հիփ–հոփ ժանրերում է։ Հատկանշական է, որ դեռևս նախորդ տարի Միկոլասին առաջարկվել էր ներկայացնել Չեխիան Եվրատեսիլ երգի մրցույթում, սակայն նա մերժել էր։ Բանն այն է, որ Միկոլասին առաջարկել էին կատարել “My Turn” (Իմ հերթը) երգը, որը երգիչը իրեն անհամապատասխան էր համարել։ Այնուհետև նույն երգը առաջարկվեց Մարտինա Բարտային, ով էլ ներկայացրեց Չեխիան Կիևում։ “Lie to Me”–ի պաշտոնական տեսահոլովակը կարող եք դիտել ստորև.

«Իսպանական զուգերգի ռոմանտիկ հաղթանակը»

Այս տարի Իսպանիայի նախընտրական փուլում հանդես եկան երաժշտական տաղանդներ բացահայտող Operación Triunfo–ի 6 ֆինալիստները։ Նրանք ներկայացրին 9 երգեր, որոնք բոլորն էլ իսպանալեզու էին։ Հեռուստադիտողի քվեարկությամբ հաղթող ճանաչվեց Ալֆրեդի և Ամայայի զուգերգը։ Նրանք մրցույթում կներկայանան “Tu canción” (Քո երգը) երգով։ Կատարումը հատկապես աչքի է ընկնում իր ռոմանտիկ տրամադրությամբ։ Այն կարող եք դիտել ստորև.

«Հաջողակ չորրոդ փորձ»

Մալթան տարիներ շարունակ եվրատեսիլյան իր մասնակցին ընտրում է «Մալթա Եվրատեսիլ երգի մրցույթի» միջոցով։ Այս տարի մրցույթում քվեարկեցին կրկին միջազգային ժյուրին և մալթացի հեռուստադիտողը։ 16 մասնակիցներից հաղթող ճանաչվեց Քրիսթաբելը, ով ժյուրիից ստացավ միայն առավելագույն 12 միավորներ։ Երգչուհին առաջինն էր նաև հեռուստաքվեարկությամբ։ Քրիսթաբելը Մալթայի նախընտրական փուլին ներկայանում էր արդեն 4-րդ անգամ և վերջին երկու տարիներին` 2016-ին և 2015-ին, բավական մոտ էր հաղթանակին։ Եվրատեսիլ 2018-ին նա ներկայացնելու է “Taboo” (Տաբու) երգը։ Քրիսթաբելը նախընտրական փուլում աչքի ընկավ նաև իր հետաքրքիր բեմադրությամբ, որը կարող եք դիտել ստորև.

«Ընտանեկան հաղթանակ» Շվեյցարիայում

Շվեյցարիայի ավանդական նախընտրական փուլում`Die Entscheidungsshow–ում, այս տարի մրցում էին 6 մասնակիցներ։ Ե՛վ միջազգային ժյուրիի, և՛ հեռուստադիտողի քվեարկությամբ առաջին հորիզոնականը զբաղեցրեց ZiBBZ խումբը, որի անդամները քույր և եղբայր են։ Միջազգային ժյուրիի կազմում էր նաև Հայաստանը։ Մեր ժյուրին հաղթող երգին տվեց 8 միավոր։ Խումբը հանդես է գալու “Stones” (Քարեր) երգով, որը կարող եք լսել ստորև.

Հաջորդ շաբաթ պարզ կդառնան Միացյալ Թագավորության, Դանիայի, Իտալիայի մասնակիցները` իրենց երգերով։ Նախաեվրատեսիլյան մեր նախորդ անդրադարձին կարող եք ծանոթանալ այստեղ։

  • Share this post:
  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
Eurovision, News|05.02.2018 2:00 pm