Դեպի Լիսաբոն. մաս 1

By

Եվրատեսիլ 2018-ը կամաց–կամաց թևակոխում է իր ամենաակտիվ շրջաններից մեկը։ Դեկտեմբերի վերջից մինչև մարտ ամսվա առաջին կեսը մասնակից երկրները ընտրում են իրենց ներկայացուցիչներին, որոնք էլ մայիսին Եվրատեսիլ երգի մրցույթում պայքարում են հաղթանակի համար։ OGAE Հայաստանը այսուհետ յուրաքանչյուր շաբաթ կներկայացնի անցնող շաբաթվա եվրատեսիլյան գլխավոր իրադարձությունները։

Այս հովածում ձեզ կներկայացնենք Ալբանիայի և Ֆրանսիայի կատարած ընտրությունները։

«Mercy, միջազգայի՛ն ժյուրի, բայց մենք ունենք մեր ընտրությունը…»

Սկսկենք ամենաթարմ նախընտրական փուլից։ Երեկ` հունվարի 27-ին, տեղի ունեցավ Ֆրանսիայի ազգային ընտրության եզրափակիչը։ Ֆրանսիան իր մասնակիցներին ավանդաբար որոշում էր ներքին ընտրությամբ, սակայն այս տարի անցկացվեց նախընտրական փուլ, որը կոչվում էր “Destination Eurovision”: Այն ընթացավ երկու կիսաեզրափակիչներով, որտեղ մրցում էին 18 մասնակիցներ։ Նրանցից եզրափակչում հայտնվեցին միայն 8-ը։ Այստեղ հիմնական պայքարն ընթացավ Լիզանդրո Կուչիի, Էմիլի Լիյանայի և Madame Monsieur դուոյի միջև։ Քվեարկությունն ընթացավ վերջին շրջանում ավանդական դարձած կարգով` միջազգային ժյուրիի և ներքին հեռուստաքվեարկության համադրությամբ։

Ժյուրիի քվեարկությամբ առաջին տեղը զբաղեցրեց երիտասարդ երգիչ Լիզանդրո Կուչին, ով առավել հայտնի դարձավ ֆրանսիական «Ձայնը» նախագծի 6-րդ եթերաշրջանում հաղթանակ տոնելուց հետո։ Նա վաստակեց 90 միավոր։ Երդկրորդ տեղում նույն մրցույթից հայտնի Էմիլի Լիյանան էր 82 միավորով, իսկ երրորդում` Madame Monsiur դուոն` 68 միավորով։ Հատկանշական է, որ ժյուրիի կազմում ընդգրկված Իվետա Մուկուչյանը գլխավոր հավակնորդներից երկուսին` Լիզանդրոյին և Madame Monsiur–ին ոչ մի ձայն չտվեց, փոխարենը առավելագույն միավորը շնորհեց Էմիլի Լիյանային։ Ժյուրիի քվեարկությամբ առաջին տեղը զբաղեցրած Լիզանդրոյի կատարումը կարող եք դիտել ստորև.

Այնուհետև նախընտրական փուլի հաղորդավար երգիչ Գարուն ներկայացրեց հեռուստաքվերակության արդյունքները, որի շնորհիվ պատկերն ամբողջովին փոխվեց. Էմիլի Լիյանան ստացավ 30 միավոր, Լիզանդրոն` 72, իսկ Madame Monsiur–ն, զբաղեցնելով առաջին տեղը, ստացավ 118 միավոր։

Համատեղելով երկու քվեարկությունների արդյունքները` մրցույթում հաղթող ճանաչվեց  Madame Monsiur դուոն, որը վաստակեց 186 միավոր, նրանց հաջորդեց Լիզանդրոն 162 միավորով, իսկ լավագույն եռյակը հեռուսատքվերակությամբ ստացած բարձր ձայների շնորհիվ եզրափակեց երգիչ Մալոն։

Այսպիսով` շնորհակալություն հայտնելով միջազգային ժյուրիին` Ֆրանսիան Լիսաբոնում որոշեց ներկայանալ ֆրանսիացիներին ավելի հոգեհարազատ “Mercy” երգով։ Երգը ֆրանսիական փոփ ժանրում է, որի հեղինակները դուոյի անդամներն են` Էմիլի Սատը և Ժան–Կառլ Լուկան։ Նրանց ելույթը կարող եք դիտել ստորև.

«Տարիներ շարունակ» նույն ձևաչափով

Տարիներ շարունակ Ալբանիան իր մասնակցին ընտրում է Festivali i Këngës երաժշտական փառատոնի միջոցով։ Այն անցկացվում է դեկտեմբերի վերջին, որտեղ ներկայացվում են միայն ալբաներեն երգեր։ Այս տարի եզրափակչում մրցեցին 14 մասնակիցներ, որտեղ բացառապես ալբանական ժյուրիի քվեարկությամբ հաղթող ճանաչվեց Էուգենտ Բուշպեպան` “Mall” կոչվող երգով, որը թարգմանաբար նշանակաում է «Տարիներ շարունակ»։ Ինչպես վերջին տարիների փորձն է ցույց տալիս, Ալբանիան նախքան Եվրատեսիլը մեծ փոփոխույթունների է ենթարկում ներկայացվող երգը. փոփոխվում են թե՛ երաժշտությունը, թե՛ երգի բառերը։ Երգի նախնական տարբերակը կարող եք լսել ստորև.

Այս տարվա եվրատեսիլյան երգերից հայտնի են դեռևս այս երկուսը, թե որ կատարումը ձեզ ավելի դուր եկավ տեղեկացրեք մեզ մեկնաբանություններում։

Առաջիկա շաբաթը լինելու է ավելի հագեցած. հունվարի 29-ին կընտրվեն Չեխիան և Իսպանիան, իսկ  փետրվարի 3-ին և 4-ին Մալթան և Շվեյցարիան ներկայացնող երգերը։ Նշենք նաև, որ հունվարի 29-ին տեղի կունենա եզրափակիչների բաշխման վիճակահանությունը, որտեղ էլ պարզ կդառնա, թե երկրներից յուրաքանչյուրը որ կիսաեզրափակչի որ մասում է ելույթ ունենալու։

 

Հեղինակ` Հայկ Խաչատրյան

  • Share this post:
  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
Eurovision, News|28.01.2018 6:20 pm