Արծվիկի Շանսերը Եվրատեսիլում՝ Ըստ Կանխատեսումների

By

Եվրատեսիլյան լարված ու հաճելի շաբաթվան հաշված օրեր են մնացել: Մինչ Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում ահագնացող տեմպերով ընթանում են նախապատրաստական վերջին աշխատանքներն ու մասնակիցների նախնական փորձերը, իսկ երկրպագուները անհամբերությամբ օրերն են հաշվում, բուքմեյքերները, երաժշտական լրագրողներն ու քննադատները, «Եվրատեսիլ»-ի փորձագետները հայտնում են իրենց կանխատեսումներն ու գնահատում են այս տարվա մասնակիցների շանսերը:

OGAE Հայաստանը որոշեց անդրադառնալ այդ կանխատեսումներին և ներկայացնել ձեր ուշադրությանը, թե ինչպես են գնահատում փորձագետները մեր պատվիրակի՝ Արծվիկի շանսերը մրցույթում:

Իռլանդացի հայտնի փորձագետ Քեյթ Միլլսը, ով «Եվրատեսիլ»-ի երկրպագուներին հայտնի է իր ճիշտ ու հստակ կանխատեսումներով, այս տարի ևս, չխախտելով ավանդույթները, հրապարակեց հետևյալ աղյուսակը, որով տոկոսային հարաբերակցությամբ ներկայացնում  է մասնակից երկրների եզրափակիչ անցնելու հավանականությունը: Ըստ Միլլսի՝ Հայաստանը եզրափակիչ անցնելու ամենահավանական թեկնածուն է: Նրա կարծիքով՝ Հայաստանը եզրափակիչում կարող է պայքարել լավագույն հնգյակում հայտնվելու համար:
Սկանդինավյան երկրներում ավանդական դարձած «փրեվյու-շոուների» ընթացքում, որի ժամանակ տարբեր փորձագետներ հավաքվում, քննարկում և գնահատում են եվրատեսիլյան մասնակիցների հայտերը, նույնպես բարձր են գնահատում Հայաստանի երգը, մասնավորապես նշելով, որ այն տարբերվող ու ժամանակակից է: Արծվիկի երգից հատկապես տպավորվել են նորվեգացի փորձագետները:

Մեր պատվիրակի առաջին փորձից հետո Հայաստանի շանսերը կտրուկ բարձրացան: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, առաջին կիսաեզրափակիչի մասնակիցների փորձերից հետո դահլիճում և մամուլի սրահում ներկա գտնվող լրագրողները իրենց ամենաբարձր միավորները տվեցին հենց Հայաստանին: Հատկանշական է, որ երկրորդ կիսաեզրափակիչի փորձերից հետո 36 երկրներին տված միավորների համագումարի արդյունքներով Հայաստանն ունի առավելագույն՝ 100 միավորը՝այդպիսով դառնալով լրագրողների ֆավորիտը: Ինչպես նշում են ESCKAZ.com, Wiwibloggs և մրցույթն ամեն տարի ակտիվ լուսաբանող տարբեր կայքերի թղթակիցները, Հայաստանի ներկայացրած համարն առանձնանում է տեսախցիկների լավագույն աշխատանքով, ինչպես նաև՝ Արծվիկն ամենպատրաստվածն է մասնակիցների շրջանում և լիովին պատրաստ է եվրատեսիլյան իր ելույթին:

Նաև նշենք, որ Հայաստանն առաջին փորձից հետո խաղադրույքներ կատարող բուքմեյքերական 23 ընկերությունների տվյալներով լավագույն հնգյակում է և դեռ շարունակում է առաջ շարժվել:


Մեզ մնում է միայն սպասել Արծվիկի հետագա փորձերին և առաջին կիսաեզրափակիչի ելույթին: Կհայտնվի՞ արդյոք Արծվիկը եզրափակիչում, եթե այո, ապա ո՞ր հորիզոնականում այնտեղ տեղ կգտնի, ինչպե՞ս կգնահատեն նրան հեռուստադիտողներն ու տարբեր երկրների ազգային ժյուրիի անդամները. սրանք հարցեր են, որոնց պատասխանելը դեռ անհնար է: Հարկ է նշել, որ անկախ այս պահի գոհացուցիչ պատկերից, չպետք է մոռանալ, որ «Եվրատեսիլ»-ն անկանխատեսելի մրցույթ է, և այստեղ ամեն  շրջադարձ սպասելի է:


Ալեն Ավագյան
Խմբագիր ՝ Բագրատ Թովմասյան

Photos: Thomas Hanses, Andres Putting

  • Share this post:
  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
Eurovision, News, OGAE, Opinion, Special|05.05.2017 6:09 pm