Արծվիկի առաջին փորձը կիեվյան բեմում ամենատպավորիչն էր միջազգային մամուլի համար

By

Եվրատեսիլյան երեք շոուներին մասնակից երկրներն ու կազմակերպիչները պատրաստվում են ամիսներ շարունակ, մինչդեռ հիմնական փորձերը սկսվում են մրցույթից մոտ մեկ շաբաթ առաջ: Ստացվում է, որ եզրափակիչ անցած մասնակիցները եվրատեսիլյան բեմում ելույթ են ունենում շուրջ 10 անգամ: Եվրատեսիլ 2017-ի առաջին փորձերը Կիևում սկսվել էին դեռևս երեկ, սակայն Արծվիկը իր առաջին փորձն ավարտեց միայն մի քանի ժամ առաջ:

Հայաստանի ելույթը, ինչպես նախորդ տարի, այս տարի ևս բեմադրվել է շվեդ գեղարվեստական ռեժիսոր Սաշա Ժան-Բապտիստի կողմից: Բեմում Արծվիկին ուղեկցում են երկու շվեդ պարուհիներ, իսկ բեք-վոկալիստուհիները՝ Անուշիկ Տեր-Ղուկասյանը, Ամալյա Մարգարյանն ու Վիկտորյա Պողոսյանը, բեմում չեն երևում: Ելույթի ժամանակ գերակշռողը մանուշակագույնի և վարդագույնի տարբեր երանգներն են, և հիմնական շեշտը դրված է էկրանային պատկերների և տեխնիկական լուծումների վրա: Հատկանշական է, որ կիևյան բեմի հսկա լեդ-էկրանին՝ ելույթի ընթացքում, հիմնականում հայկական տարբեր մանրանկարներ են երևում:

Լրագրողներին հատկապես տպավորել է ելույթի վերջնամասը, որտեղ Արծվիկը ինչպես իրենք են նշում «պատրաստվում է «թռչել»: Փորձին ներկա գտնվածների պնդմամբ երգչուհին՝ վոկալային տվյալներով եղել է բարձրակետին: Եվ ինչպես նախորդ տարիներին, այս անգամ էլ յուրաքանչյուր փորձից հետո տեղի լրագրողները հնարավորություն են ունենում գնահատել փորձերը և ուշագրավ ու շատ հաճելի էր տեսնել որ լրագրողների քվեարկության համաձայն Արծվիկը զբաղեցրեց առաջին հորիզոնականը։

Եվրատեսիլում Հայաստանի պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը նշել է, որ ելույթի ընթացքում եղել են բեմադրական և նկարահանման հետ կսպված որոշ թերություններ, սակայն իր վստահությունն է հայտնել որ հետագա փորձերի ընթացքում ամեն ինչ կշտկվի:

Հիշեցնենք, որ Հայաստանը ելույթ է ունենալու մրցույթի առաջին կիսաեզրափակչում՝ մայիսի 9-ին, 16-րդ համարի ներքո: Իսկ մինչ հիմնական ելույթը դեռ կլինեն մի քանի փորձեր, Արծվիկն իր երկրորդ փորձը կանցկացնի մայիսի 5-ին:

Հայկ Խաչատրյան

Լուսանկարները՝ Անդրես Փութթինգ

 

  • Share this post:
  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
Eurovision, National, News|01.05.2017 4:49 pm